Վաշինգտոնը խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, շոշափելի տնտեսական օգուտները կկարողանան ամրապնդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը հայ ընտրողների աչքում։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած այցի ընթացքում Հայաստանը և Միացյալ Նահանգները համատեղ հայտարարություն են ստորագրել՝ քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։
Միջուկային համաձայնագիրը վկայում է Վաշինգտոնի մտադրության մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը վերածել Երևանի համար իրական տնտեսական և էներգետիկ դիվիդենտների։ Դրանով այն ամրապնդում է Հայաստանի դիվերսիֆիկացումը դեպի Արևմուտք և հեռու է պահում երկիրը Ռուսաստանից և Իրանից, գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։
Կապելով միջուկային համագործակցությունը ենթակառուցվածքների, առևտրի և տեխնոլոգիաների ոլորտների ավելի լայն քննարկումների հետ՝ ԱՄՆ-ը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային կապի և կայունության կարևոր հենասյուն՝ հետկոնֆլիկտային կարգի շրջանակներում։ Այսպիսով, Վաշինգտոնը, ըստ ամենայնի, խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ շոշափելի տնտեսական օգուտները կկարողանան ամրապնդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը հայ ընտրողների աչքում՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և կօգնեն պահպանել խաղաղության գործընթացի վերաբերյալ հանրային աջակցությունը։ Այս նախագծերի իրականացման դեպքում դրանք, հավանաբար, կխորացնեն ԱՄՆ ազդեցությունը Հայաստանում և ավելի ամուր կամրագրեն խաղաղության օրակարգը երկրի ներքաղաքական հաշվարկներում։
Հայաստանը երկար ժամանակ է, ինչ էներգիայի հարցում հույսը դրել է Ռուսաստանի և Իրանի վրա և ներկայումս քննարկում է մի շարք օտարերկրյա ընկերությունների առաջարկները՝ փոխարինելու իր միակ միջուկային ռեակտորը, որը կառուցվել է Ռուսաստանի օգնությամբ, ինչը ռազմավարական տեղաշարժ է դարձնում ոլորտում ԱՄՆ-ի մուտքը։
Վենսի այցը հաջորդել է 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և տեղի է ունենում այսպես կոչված «Թրամփի դոկտրինի» առաջմղմանն ուղղված ջանքերի համատեքստում։





























