ԱՄՆ փոխնախագահի պատմության մեջ առաջին այցը Հայաստան ամրապնդել է Երևանի թռիչքային մերձեցումը Վաշինգտոնի հետ և հեռացումը Մոսկվայից։ Երևանում Ջեյ Դի Վենսը սատարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հունիսին կայանալիք ընտրություններում և հայտարարել, որ հայկական բանակը կստանա հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք մատակարարվում են նաև Ուկրաինային, թեմայի շուրջ իր ակնարկում գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես գիտեմ, որ շուտով [Փաշինյանը] պետք է մասնակցի ընտրությունների։ Ես չեմ խոսի դրանց մասին, բայց եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա միանշանակ վայելում է այն, քանի որ նա գիտի, թե ինչպես կառուցել երկարաժամկետ համագործակցություն, որը կապահովի [Ադրբեջանի] հետ խաղաղության կայունությունը»,- երկուշաբթի օրը կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վենսը։

Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրի մասին։ Այն հնարավորություն կստեղծի ԱՄՆ-ից միջուկային տեխնոլոգիաների արտահանման և Հայաստանում ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների կառուցման համար։

Այցի ընթացքում հայտնի է դարձել նաև, որ ամերիկա-հայկական Firebird ստարտափը լրացուցիչ 4 միլիարդ դոլար կներդնի Հայաստանում սուպերհամակարգչի և տվյալների կենտրոնի ստեղծման համար, ինչի նպատակով ԱՄՆ կառավարությունը ևս 41 հազար Nvidia չիպերի վաճառքի թույլտվություն է տրամադրել։ Նախագիծը պետք է դառնա Հայաստանի ՏՏ ոլորտում ամենախոշոր ներդրումը։

Սակայն ամենանշանակալի նորությունը հայկական բանակի համար 11 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան V-Bat հետախուզական անօդաչու թռչող սարքերի մատակարարումն է եղել։ Սա պատմության մեջ առաջին ամերիկյան ռազմական տեխնիկան է Հայաստանի համար, որը ֆորմալ առումով մնում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն ունի ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ և նպատակ է դրել անդամակցել Եվրամիությանը։

Վենսը և Փաշինյանը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որում չլուծված հարցերից մեկը շարունակում է մնալ Բաքվում կալանավորված Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը։

Բաքուն լինելու է Վենսի ուղևորության հաջորդ կանգառը և մեկնելիս նա նշել է, որ պատրաստվում է Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել հայ գերիների հարցը։

Արդյո՞ք Փաշինյանը Արևմուտքի միասնական թեկնածուն է

Փաշինյանին սատարելու մասին Վենսի խոսքերը նշանակում են, որ Արևմուտքը միասնական թեկնածու ունի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ չնայած բազմաթիվ այլ հարցերում Թրամփի վարչակազմի և եվրոպական առաջնորդների միջև առկա տարաձայնություններին։

Եվրամիության առաջնորդները նույնպես հանդես են գալիս ի պաշտպանություն Փաշինյանի, իսկ դեկտեմբերին Հայաստանը ԵՄ-ից դրամաշնորհ ստացավ ապատեղեկատվության դեմ պայքարի համար, ինչը փաստացի աջակցություն է նշանակում գործող կառավարության համար, նշում է Crisis Group-ի Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան։

Հայաստանի իշխանությունները մշտապես խոսում են հայկական քաղաքականության մեջ ռուսական միջամտության մասին, սակայն Եվրոպան և Ամերիկան նույնպես չեն թաքցնում իրենց նախապատվությունները, ասում է Կուչերան։

«Ռուսական ակտիվության վերաբերյալ գոյություն ունեն միայն անուղղակի ապացույցներ, մինչդեռ ԵՄ-ն և ԱՄՆ-ն միջամտում են բացահայտ կերպով»,- նշել է փորձագետը։

Վերլուծաբանը նաև ուշադրություն է դարձրել այն փաստին, որ և՛ ԵՄ-ն, և՛ Վենսը Փաշինյանի իշխանության ղեկին մնալն ուղղակիորեն կապում են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի հետ. «Սա նշանակում է, որ խաղաղության գործընթացը կապվում է կոնկրետ անձանց հետ, ինչը դրան ամրություն չի հաղորդում»։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի սկզբին։ Մայիսին Հայաստանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որտեղ ակնկալվում է մի շարք եվրոպական առաջնորդների ներկայությունը։

Ավելին, ըստ BBC-ի երկու աղբյուրների, որոնք խոսել են անանունության պայմանով, շուտով կհայտարարվի մայիսին կայանալիք ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի մասին։

Աղբյուրներից մեկն այս միջոցառման կազմակերպումը կապել է եվրոպական առաջնորդների՝ քվեարկությունից առաջ Փաշինյանին հրապարակավ սատարելու ցանկության հետ։

Ինչպիսի՞ անօդաչու թռչող սարքերի մասին է գնում խոսքը

«Առաջին անգամ մենք հայտարարում ենք Հայաստանին և մեր բարեկամին՝ պարոն վարչապետին վաճառված ռազմական տեխնոլոգիաների, դիտարկման համակարգերի և անօդաչու թռչող սարքերի մասին»,- երկուշաբթի օրը հայտարարել է Վենսը։

Խոսքը ամերիկյան V-Bat հետախուզական անօդաչուների մասին է, որոնք մատակարարվում են նաև Ուկրաինայի զինված ուժերին և օգտագործվում են HIMARS հեռահար համակարգերի թիրախավորման համար՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների խորքում հարվածներ հասցնելու նպատակով։

«Սա շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար։ Խոսքը մի հարթակի մասին է, որն օգտագործվում է ԱՄՆ բանակի և նրանց դաշնակիցների կողմից։ Սա կարող է ազդակ լինել, որ ԱՄՆ-ն պատրաստ է հետագայում ևս ամրապնդել Հայաստանի պաշտպանական ներուժը»,- կարծում է Երևանի Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական վերլուծաբան Էդուարդ Առաքելյանը։

V-Bat-ը ուղղահայաց թռիչքի և վայրէջքի սարք է, ինչը նշանակում է, որ դրա համար թռիչքուղի հարկավոր չէ և այն իդեալական է Հայաստանի լեռնային ռելիեֆի համար, նշում է փորձագետը։ Դրանք կհզորացնեն հետախուզության, դիտարկման և թիրախավորման ոլորտներում հայկական բանակի կարողությունները ու կարող են բարձրացնել հրետանու և այլ խոցման միջոցների ճշգրտությունը։

«Սա այն է, ինչը մեզ պակասում էր վերջին տարիների հակամարտություններում՝ սկսած 2020 թվականից։ Մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում 50, 80 կամ 100 կիլոմետր խորության վրա։ Եվ այս անօդաչուները կարող են լրացնել այդ բացը»,- նշում է Առաքելյանը։

Վենսը և Փաշինյանը նաև ավարտին են հասցրել քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը Հայաստանի միջուկային էներգետիկայում ճանապարհ է հարթում ամերիկյան ընկերությունների մասնակցության համար։ Նախնական արտահանումը հնարավոր է 5 միլիարդ դոլարի չափով՝ ևս 4 միլիարդ դոլարի վառելիքի մատակարարման և տեխնիկական սպասարկման պայմանով։

Թրամփի ուղին և Ադրբեջանի հետ խաղաղությունը

Վենսի այցը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հաստատմանը, որը կնքվել է 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։ Առանցքային տարրը դարձել է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև ճանապարհի փոխզիջումային նախագիծը, որն ստացել է «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» անվանումը (անգլերեն հապավումը՝ TRIPP):

Այն ժամանակ շատերը կասկածում էին, որ խորհրդային երկաթգծի քանդված հատվածն իրոք կվերածվի ժամանակակից ենթակառուցվածքային նախագծի։ Պատմելով իր խաղաղարար ծառայությունների մասին՝ Թրամփը պարբերաբար շփոթում էր Հայաստանը Ալբանիայի հետ և սխալ արտասանում Ադրբեջանի անունը, ինչը սկեպտիկներին ստիպում էր կասկածել նրա ձեռք բերած պայմանավորվածությունների ամրությանը։

Սակայն կես տարի անց Հայաստանի վարչապետ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում են հակամարտության ավարտի մասին և քննարկում են, թե ինչ է անհրաժեշտ անել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որի տեքստը հաստատվել էր Վաշինգտոնում։ Միևնույն ժամանակ, երկրները կարգավորում են առևտրային կապերը և Ադրբեջանն արդեն բենզին է մատակարարում Հայաստանին, ինչը դեռևս մեկ տարի առաջ անհավանական էր թվում։

«Ինչպիսին էլ լինեին Թրամփի դրդապատճառները անցյալ տարվա օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքման միջնորդության հարցում, հետևանքները տեղերում բավականին իրական են։ Գործարքի նրա անձնական հավանությունը օգնել է երկու երկրների առաջնորդներին գտնել քաղաքական կամք՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժվելու համար, ներառյալ փոքր ծավալներով առևտրի վերջին վերսկսումը», — նշում է Crisis Group-ից Ջոշուա Կուչերան։