Երեւանում ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցները գրանցել են «Ուժեղ Հայաստան» քաղաքական կուսակցությունը, որը նախատեսում է մասնակցել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Գործարարն ինքը հայտարարվել է կուսակցության առաջնորդ եւ վարչապետի թեկնածու: Ընդ որում, ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ նա իրավունք չունի ղեկավարել կառավարությունը՝ իր երկքաղաքացիության (ռուսաստանյան) պատճառով, գրել է «Коммерсантъ»-ը։

Դեռեւս անցյալ տարվա օգոստոսի վերջին գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցները հիմնադրել են «Մեր ձեւով» հասարակական շարժումը: Հայտարարված նպատակն է միավորել գործունեության տարբեր ոլորտների մարդկանց՝ տնտեսական հարցերը լուծելու, արտաքին քաղաքականության նոր շրջանակ մշակելու, կրթության հասանելիությունը բարելավելու եւ Հայ Առաքելական եկեղեցու շահերը պաշտպանելու համար: Հոկտեմբերի դրությամբ նախաձեռնությանը միացել էր 5 հազար մարդ (ավելի թարմ տվյալներ չեն տրամադրվել):

Այս տարվա հունվարի կեսերին շարժման անդամները գրանցեցին «Ուժեղ Հայաստան» քաղաքական կուսակցությունը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 12-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այդ պահին արդեն հայտնի էր, որ Սամվել Կարապետյանը նշանակվել է կուսակցության ղեկավար, բայց ինտրիգն այն էր, թե ում կառաջադրեր կուսակցությունը որպես վարչապետի թեկնածու։

Չնայած Սամվել Կարապետյանի լուրջ քաղաքական նկրտումներին՝ նրա առաջադրումը որպես վարչապետ քիչ հավանական էր համարվում։

2025թ․ հունիսի 18-ին գործարարը ձերբակալվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով: Քրեական գործը հարուցվեց այն բանից հետո, երբ նա հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության օգտին, որի ներկայացուցիչներին քննադատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սամվել Կարապետյանն ասում էր, որ իրավիճակը կկարգավորի «մեր ձեւով» (այստեղից էլ՝ շարժման անվանումը), եթե իշխանությունները չդադարեցնեն հոգեւորականության վրա հարձակումները: Գործարարի պաշտպանները եւ նա ինքը համոզված են, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: Վերջին ամիսներին գործարարը տնային կալանքի տակ էր՝ տեղափոխվելով քննչական մեկուսարանից, բայց չկան նշաններ, որ քրեական գործը կկարճվի:

Կա մեկ այլ, ոչ պակաս նշանակալի ասպեկտ, որը սահմանափակում է Սամվել Կարապետյանի քաղաքական հնարավորությունները: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի ՀՀ քաղաքացի առնվազն վերջին չորս տարիների ընթացքում եւ նույն ժամանակահատվածում մշտապես բնակվի հանրապետությունում: Գործարարը, սակայն, վաղուց ունի Ռուսաստանի քաղաքացիություն եւ ապրել է Ռուսաստանում:

Հետեւաբար, սպասվում էր, որ չնայած Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնում պաշտոնապես նշանակվելուն, նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, որը վերջին ամիսներին դարձել է հայկական ընդդիմության առանցքային քաղաքական դեմք, կգլխավորի կուսակցությունը ընտրություններում եւ կպայքարի վարչապետի պաշտոնի համար: Սակայն կուսակցության շնորհանդեսի ժամանակ Նարեկ Կարապետյանն անսպասելիորեն հայտարարեց, որ իր հորեղբայրը կառաջադրվի վարչապետի պաշտոնում:

«Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել է գյուղում, ուսուցիչների ընտանիքում: Նա սերում է ժողովրդից եւ, կյանքում եւ բիզնեսում հաջողությունների հասնելով, երբեք չի մոռացել իր արմատները: Նա ունի լավագույն միջազգային կապերը, որոնք օգտագործում է մեր երկրի բարօրության համար, եւ դա ապացուցել է գործողություններով, այլ ոչ թե խոսքով. նա կառուցել է հիվանդանոցներ եւ մանկապարտեզներ, ստեղծել է աշխատատեղեր եւ օգնել հազարավոր ընտանիքների: Այսօր մենք ներկայացնում ենք նոր այլընտրանք տնտեսության, անվտանգության եւ արժանապատիվ խաղաղության համար պայքարում»,- հայտնել է Նարեկ Կարապետյանը՝ հայտարարելով կուսակցության թեկնածուին։

Քաղաքական գործիչն անմիջապես էլ պարզաբանել է հարցի իրավական կողմը։ Նրա խոսքով, եթե «Ուժեղ Հայաստան»-ը հաղթի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, 20 օր անց կուսակցությունը քվեարկության կդնի Սահմանադրության այն հոդվածը փոխելու առաջարկը, որը սահմանում է կառավարության ղեկավարին ներկայացվող պահանջները։ «Մեր Սահմանադրությունն ունի 148-րդ հոդված, որը որոշում է, թե ով կարող է լինել երկրի վարչապետ։ Իսկ իչպե՞ս է փոխվում կամ որոշվում 148-րդ հոդվածի ճակատագիրը։ Այն փոխվում է Ազգային ժողովում՝ պատգամավորների քվեարկությամբ, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումների միջոցով»,- նշել է նա։

«Ուժեղ Հայաստան»-ի նպատակները բացատրելով՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ կուսակցությունը նախատեսում է պայքարել աղքատության դեմ, քաղաքներում նոր աշխատատեղեր ստեղծելու եւ Երեւանը ժամանակակից մետրոպոլիսի վերածելու ուղղությամբ։

Նա նաեւ քննադատել է Նիկոլ Փաշինյանին «բանակը քանդելու եւ դատարաններն իրեն ենթարկեցնելու», «ինքն իրեն եւ իր թիմին բացահայտ հարստացնելու եւ կոշտ բռնաճնշումների դիմելու» համար։

Ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված կուսակցության աջակցության իրական մակարդակը դեռ պարզ չէ։ Դեկտեմբերին Gallup-ի հարցման համաձայն՝ «Մեր ձեւով» շարժմանն աջակցել է հարցվածների 7,5 տոկոսը, մինչդեռ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 16.5 տոկոսը։ Սակայն Սամվել Կարապետյանի կողմնակիցներն արդեն իսկ ավելի մեծ աջակցություն են վայելում, քան ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը, որը գլխավորում են հանրապետության նախկին ղեկավարները։

Ընդ որում, գործարարին բացահայտորեն աջակցում է Հայ եկեղեցին, որն ավանդաբար վայելում է լայն հանրային վստահություն։ Գործարարի հետ համերաշխության եւս մեկ ժեստ էր փետրվարի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եւ Սամվել Կարապետյանին ներկայացնող փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հանդիպումը։