ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանը հայտարարել է որպես «ապօրինի ձերբակալությունների հովանավոր պետություն»։

«Երբ 47 տարի առաջ իրանական վարչակարգը զավթեց իշխանությունը, այաթոլլա Խամենեն ամրապնդել է իր վերահսկողությունը՝ հավանություն տալով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների պատանդառությանը։ Տասնամյակներ շարունակ Իրանը շարունակել է դաժանորեն ձերբակալել անմեղ ամերիկացիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների՝ նրանց այլ պետությունների դեմ որպես քաղաքական ճնշման լծակ օգտագործելու համար։ Այս զզվելի գործելաոճին պետք է վերջ դրվի»,- ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ անցյալ աշնանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Գործադիր հրամանագիր՝ արտասահմանում ԱՄՆ քաղաքացիներին ապօրինի ձերբակալություններից պաշտպանելու մասին, իսկ Կոնգրեսը հետագայում ընդունել է «2025 թվականի Ապօրինի ձերբակալությունների հակազդման մասին օրենքը», որը թույլ է տալիս Նախարարությանը Իրանը որակել որպես «ապօրինի ձերբակալությունների հովանավոր պետություն»։

«Եթե Իրանը կանգ չառնի, մենք ստիպված կլինենք դիտարկել լրացուցիչ միջոցներ, ներառյալ՝ ամերիկյան անձնագրերով Իրան մուտք գործելու, այնտեղով տարանցիկ անցնելու կամ այնտեղից դուրս գալու հնարավոր աշխարհագրական սահմանափակումները։ Իրանական վարչակարգը պետք է դադարեցնի պատանդառությունը և ազատ արձակի Իրանում անարդարացիորեն ձերբակալված բոլոր ամերիկացիներին. քայլեր, որոնք կարող են վերջ դնել այս հայտարարությանը և դրա հետ կապված գործողություններին։ Մենք կոչ ենք անում նրանց անել դա։ Ոչ մի ամերիկացի չպետք է այցելի Իրան որևէ պատճառով։ Մենք կրկին դիմում ենք այն Իրանում գտնվող ամերիկացիներին և կոչ անում անհապաղ լքել երկիրը»,- եզրափակել է Ռուբիոն։