Լոնդոնում ձերբակալել են «Էստոնիայի եվրոպական շարժում» ոչ առեւտրային կազմակերպության կառավարման նախկին անդամ Աննա-Մարիա Գալոյանին, որը Էստոնիայում մեղադրվում է ՀԿ-ի միջոցները ոչ նպատակային վատնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Էստոնիայի արդարադատության նախարարությունը:
Գալոյանը 2000-2007թթ. եղել է իշխող կուսակցության անդամ: 2011թ. մայիսի 5-ին ՀԿ-ի միջոցներն անձնական կարիքների համար օգտագործելու եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով էստոնական դատարանը նրան 1տարի 10 ամսով կալանքի է դատապարտել, որից հինգ ամիսը` իրական ազատազրկմամբ: Մնացած ժամկետը պայմանական եւ փորձնական է եղել` 4 տարի:
Ըստ էստոնական լրատվամիջոցների հաղորդման` դատապարտյալը կազմակերպության հաշվին թանկարժեք հագուստ, զարդեր է գնել, վարել շքեղ կյանք, իսկ ծախսերը պարտակելու համար նա կեղծել է մի շարք փաստաթղթեր:
2012 թվականի փետրվարի 7-ին Գալոյանը պետք է բանտում հայտնվեր իրական պատիժը կրելու համար: Սակայն դրանից որոշ ժամանակ առաջ նա մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ լրատվամիջոցների միջոցով հայտարարել է, որ իրեն հետապնդում են քաղաքական նպատակների համար: Նա իրեն փաստաբան է վարձել եւ հայտարարել է, որ չի պատրաստվում Էստոնիա վերադառնալ:
Դրանից հետո Էստոնիայի արդարադատության նախարարությունը նրա ձերբակալման միջազգային փաստաթուղթ է տրամադրել:
Գալոյանը պատժի ժամկետն ավարտելուց հետո պետք է նաեւ ՀԿ-ին հասցրած 47 հազար 956 եվրո վնասը հատուցի: Բացի դրանից, նրան արգելված է կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնել 3 տարվա ընթացքում, գրում է «Վզգլյադը»:




























