Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները շարունակվում են՝ մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում և մտահոգություն առաջացնելով միջազգային հանրության շրջանում։ Ռազմական հարվածներն ու կողմերի պատասխան գործողությունները շարունակում են ազդեցություն ունենալ ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև համաշխարհային տնտեսական իրավիճակի վրա։

NEWS.am-ը ներկայացնում է գիշերվա ընթացքում Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների համառոտ ամփոփումը։

  • Քուվեյթի իշխանությունները հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթի միջազգային օդանավակայանի օբյեկտներին՝ վնասելով օդանավակայանի ռադարային համակարգի մի մասը։
  • Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ իր քաղաքացիներին կոչ անելով անհապաղ լքել Իրաքը։ Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ իրանամետ ուժերը հարձակվել են դեսպանատան վրա, ինչի հետևանքով վնասվել են հակաօդային պաշտպանության համակարգը և ուղղաթիռային հարթակը։
  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է «Ճշմարիտ խոստում – 4» գործողությունների 50-րդ ալիքի մասին: Ըստ հաղորդագրության, 50-րդ ալիքի շրջանակում ԻՀՊԿ-ն հարվածել է Ալ Դաֆրայում, Ֆուջեյրայում, Ջուֆայրում տեղակայված ԱՄՆ բանակի բազաներին, Հինգերորդ ռազմածովային նավատորմին, Ալի Սալեմին, Ալ Ազրակին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող վաղ նախազգուշացման այն ռադարներին, որոնք պաշտպանական դեր էին խաղում Իսրայելի համար: