Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դիտարկում է համաարաբական զինված ուժեր ստեղծելու գաղափարը՝ հաշվի առնելով Պարսից ծոցի երկրների ուղղությամբ Իրանի հասցրած հարվածները։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին։

«Այս նախաձեռնության մասին վերջերս կրկին խոսվեց Եգիպտոսում, քանի որ դեռ 2015-ին հենց նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին էր առաջարկել ստեղծել միասնական արաբական զորախումբ։ Մենք ԱՊԼ-ում այժմ ուսումնասիրում ենք այդ հարցը և պատրաստ ենք այն կրկին ներառել հաջորդ նիստի օրակարգում»,- նշել է Զաքին, որի խոսքերը մեջբերում է եգիպտական «Ash-Shorouq» պորտալը։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը պարզաբանել է, որ միասնական զինված ուժեր ունենալու թեմային վերադառնալու պատճառը Պարսից ծոցի երկրների ուղղությամբ Իրանի շարունակական հարվածներն են։ «Յուրաքանչյուր արաբական պետություն լիարժեք իրավունք ունի պատասխանելու ագրեսիային իր նախընտրած ձևով ու պահին, և Լիգան ամբողջությամբ սատարում է այդ իրավունքը»,- հավելել է նա։

Մարտի 15-ին Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթին իր էմիրաթցի գործընկեր Աբդալլա բեն Զայեդ Ալ Նահայանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ Իրանի հարվածներն «անհնար է արդարացնել»։ Նա նաև առաջարկել է ԱՄԷ-ի իր պաշտոնակցին «սկսել համատեղ հավաքական անվտանգության հայեցակարգ մշակել բոլոր արաբական երկրների համար», սակայն չի հստակեցրել, թե հատկապես ինչից է այն բաղկացած լինելու։