Մեծ Բրիտանիայում Հորմուզի նեղուցով ականազերծող անօդաչու թռչող սարքեր ուղարկելու ծրագրեր են մշակվում՝ մտավախություն ունենալով, որ այնտեղ ռազմական նավեր ուղարկելու Դոնալդ Թրամփի պահանջի կատարումը կարող է սրել ճգնաժամը, հայտնում է The Guardian-ը։
Կառավարությունը դիտարկում է օդային ականազերծող դրոններ ուղարկելու հնարավորությունը՝ կենսական նշանակություն ունեցող ծովային ուղին ականներից մաքրելու և նավթի արտահանման հոսքը վերականգնելու փորձ կատարելու համար։ Այնուամենայնիվ, պաշտոնյաները հայտարարել են, որ Դոնալդ Թրամփի պահանջի համաձայն՝ նավեր ուղարկելը կարող է վատթարացնել իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության անկայուն բնույթը։
«Մենք կշարունակենք աշխատել Մերձավոր Արևելքում իրավիճակի արագ կարգավորման ուղղությամբ։ Քանի որ կասկած չկա, որ պատերազմի ավարտը կյանքի թանկացման տեմպերը նվազեցնելու ամենաարագ միջոցն է», — հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը:
Էներգետիկայի նախարար Էդ Միլիբանդը BBC-ին տված հարցազրույցում նշել է. «Շատ կարևոր է, որ Հորմուզի նեղուցը կրկին բացվի… Կան տարբեր եղանակներ, որոնցով մենք կարող ենք նպաստել դրան, ներառյալականների որոնման և ոչնչացման համար անօդաչու թռչող սարքերի օգտագործումը»։
«Այս բոլոր տարբերակները դիտարկվում են մեր դաշնակիցների հետ համատեղ… Ուսումնասիրվում են ցանկացած միջոցներ, որոնք կարող են օգնել բացել նեղուցը»։
Իրանի հայտարարությունն այն մասին, որ ինքը հարձակվելու է նեղուցով անցնող նավերի վրա, որտեղով սովորաբար անցնում է համաշխարհային նավթի ծավալի 20%-ը, հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի՝ մեկ բարելի դիմաց մոտ 65 դոլարից հասնելով ավելի քան 100 դոլարի։ Տնտեսագետներն այս տարի կանխատեսում են գնաճի բարձրացում և տնտեսական աճի դանդաղում, թեև հստակ ազդեցությունը կախված կլինի հակամարտության տևողությունից։





























