Իսրայելը հայտարարել է, որ առնվազն երեք շաբաթվա մանրամասն պլաններ ունի պատերազմի համար, հայտնում է Reuters-ը։

Երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ իսրայելական բանակի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Նադավ Շոշանին լրագրողներին հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմի մանրամասն օպերատիվ պլաններ կան առաջիկա երեք շաբաթվա համար, ինչպես նաև հավելյալ պլաններ՝ ավելի երկար ժամկետի համար։

Բանակը սահմանել է իր նպատակները որպես սահմանափակ․ թուլացնել Իսրայելի համար սպառնալիք հանդիսացող Իրանի կարողությունը՝ հարվածելով բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքներին, միջուկային օբյեկտներին և անվտանգության համակարգի տարրերին։

«Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս վարչակարգը հնարավորինս թուլացած է, և որ մենք ոչնչացնում ենք նրանց բոլոր հնարավորությունները, նրանց անվտանգության համակարգի բոլոր ստորաբաժանումներն ու ճյուղերը», — ասել է Շոշանին:

Ավելի քան 110,000 պահեստազորայինների զորակոչած բանակը հայտարարել է, որ իրենք դեռևս հազարավոր թիրախներ ունեն Իրանի ներսում:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Թեհրանը կրակի դադարեցման խնդրանքով չի դիմել և ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակում չի իրականացրել: