ԱՄԷ-ն հայտնել է, որ տարածաշրջանում շարունակվող լարվածության սրման ֆոնին հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը մարտի 16-ին որսացել են Իրանից արձակված 6 բալիստիկ հրթիռ և 21 անօդաչու թռչող սարք:
Ըստ ԱՄԷ պաշտպանության նախարարության տվյալների՝ բոլոր արկերը հաջողությամբ ոչնչացվել են ՀՕՊ ստորաբաժանումների կողմից, որոնք գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում և շարունակում են հետ մղել երկրի անվտանգությանն ու կայունությանն ուղղված սպառնալիքները, հայտնում է Gulf News-ը:
«Իրանական բացահայտ հարձակումների» սկզբից ի վեր ԱՄԷ ՀՕՊ համակարգերը ընդհանուր առմամբ որսացել են 304 բալիստիկ հրթիռ, 15 թևավոր հրթիռ և 1 627 անօդաչու սարք, ինչն արտացոլում է շարունակվող ռազմական էսկալացիայի մասշտաբները: Հարձակումների հետևանքով զոհվել է ԱՄԷ-ի երկու զինծառայող, ովքեր կատարում էին իրենց ազգային պարտքը, հայտնել են նախարարությունից:
Զոհվել են նաև հինգ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Պակիստանի, Նեպալի, Բանգլադեշի և Պաղեստինի քաղաքացիներ։
Բացի այդ, ևս 145 մարդ ստացել է տարբեր աստիճանի՝ թեթևից մինչև ծանր վնասվածքներ։ Վիրավորների թվում կան բազմաթիվ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Սուդանի, Եթովպիայի, Ֆիլիպինների, Պակիստանի, Իրանի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Շրի Լանկայի, Ադրբեջանի, Եմենի, Ուգանդայի, Էրիթրեայի, Լիբանանի, Աֆղանստանի, Բահրեյնի, Կոմորյան կղզիների, Թուրքիայի, Իրաքի, Նեպալի, Նիգերիայի, Օմանի, Հորդանանի, Պաղեստինի, Գանայի, Ինդոնեզիայի և Շվեդիայի քաղաքացիներ։
Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ԱՄԷ զինված ուժերը լիովին պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի և վճռականորեն կգործեն երկրի անվտանգությունը խաթարելու փորձերի դեմ։
Գերատեսչությունը հավելել է, որ երկրի ինքնիշխանության, կայունության և ազգային շահերի պաշտպանությունը գլխավոր առաջնահերթություն է մնում, քանի դեռ պաշտպանական ուժերը շարունակում են հետևել իրադարձություններին և պահպանել մարտական պատրաստվածությունը։





























