Իսրայելցի զինվորականները հայտարարել են «Թեհրանի հենց սրտում հասցված զգալի հարվածի» մասին, որի հետևանքով ոչնչացվել է մի համալիր, որն «օգտագործվում էր տիեզերքում հարձակողական արբանյակների հնարավորությունների մշակման համար»։

Բանակի փոխանցմամբ՝ երկրի ռազմաօդային ուժերը «լիկվիդացրել են» այն համալիրը, որը «սպառնալիք էր ներկայացնում Իսրայելի արբանյակների և ամբողջ աշխարհում այլ երկրների տիեզերական ակտիվների համար»։

«Համալիրն օգտագործվել է ռազմական տիեզերական ծրագրերի մշակման համար, ներառյալ «Chamran-1» արբանյակի ստեղծումը, որը կառուցվել էր Իրանի պաշտպանության նախարարության էլեկտրոնիկայի միջոցով և տիեզերք էր արձակվել 2024 թվականի սեպտեմբերին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից», — ասվում է իսրայելական զինվորականների հայտարարության մեջ։

Նշվում է, որ վերջին հարվածը հաջորդել է «անցյալ շաբաթ (ուրբաթ օրը) Թեհրանում Իրանի տիեզերական կազմակերպությանը պատկանող տիեզերական գործունեության հետ կապված մեկ այլ հետազոտական համալիրին հասցված հարվածին»։