Իրանական բանակը հարվածներ է հասցրել իսրայելական Rafael սպառազինության ընկերության և Israel Aerospace Industries ավիացիոն կորպորացիայի օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի մամուլի ծառայությունը։

«Ամերիկա-սիոնիստական թշնամու հանցավոր գործողություններին ի պատասխան՝ մի քանի ժամ առաջ Իրանի բանակը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհել է Rafael զենքի արտադրության և Israel Aerospace Industries ավիացիոն արդյունաբերության առանցքային ու ռազմավարական կենտրոնները», — ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը մեջբերում է SNN հեռուստաալիքը։

Իրանի բանակի տվյալներով՝ Rafael կենտրոնը զբաղվում է ՀՕՊ համակարգերի մշակմամբ, ներառյալ «Երկաթե գմբեթը», Spike հակատանկային հրթիռները և իսրայելական զինված ուժերի համար նախատեսված կիբերտեխնոլոգիաները։ Israel Aerospace Industries կորպորացիան արտադրում է ռազմական ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, հրթիռներ, ՀՕՊ համակարգեր և մշակում է այնպիսի կրիտիկական համակարգեր, ինչպիսին է Arrow հակահրթիռային վահանը։