Քիրքուքից Թուրքիա տանող խողովակաշարը կգործարկվի մեկ շաբաթվա ընթացքում, ինչը Իրաքին հնարավորություն կտա վերսկսել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով խաթարված նավթի արտահանումը: Դրա մասին հայտարարել է Իրաքի նավթի նախարար Հայան Աբդուլ-Ղանին, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ Աբդուլ-Ղանիի՝ Իրաքն ավելի վաղ օրական մոտ 3,4 միլիոն բարել նավթ էր արտահանում Բասրա հարավային նավահանգստով, սակայն «ռազմական գործողությունների և Հորմուզի նեղուցի փակման պատճառով իրաքյան նավթի արտահանումը դադարեցվել է տարածաշրջանում պատերազմի սկսվելուց երկու-երեք օր անց»:
Աբդուլ-Ղանին հավելել է, որ Քիրքուքից Թուրքիա տանող խողովակաշարը, որի հզորությունը օրական 200 հազար -250 հազար բարել է, այժմ հիդրոստատիկ փորձարկում է անցնում: Նոր երթուղին շրջանցում է Հյուսիսային Իրաքի կիսաինքնավար քրդական շրջանը, քանի որ Բաղդադը քրդական գոտում գտնվող մեկ այլ խողովակաշարով արտահանման պայմանների վերաբերյալ չի կարողացել համաձայնության գալ տեղական իշխանությունների հետ:





























