ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում նախկին չորս նախագահներից ոչ մեկը աջակցություն չի հայտնել Իրանի դեմ ռազմական գործողությանը։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե խոսել է ԱՄՆ նախկին առաջնորդներից մեկի հետ, և վերջինս հավանություն է տվել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ գործողությանը։ Թրամփը, սակայն, չէր հստակեցրել, թե ում մասին է խոսքը։

NBC News-ը պարզել է, որ Թրամփը իրականում չի շփվել նախկին նախագահներից որևէ մեկի հետ։ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի օգնականը հեռուստաալիքին վստահեցրել է, որ Թրամփը հաստատ իր մասին չի խոսել։ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի գրասենյակից հայտնել են, որ նրանք «որևէ շփում չեն ունեցել»։ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի օգնականն էլ նշել է, որ Թրամփի հետ «վերջին շրջանում որևէ խոսակցություն չի եղել»։ Հղում անելով իր աղբյուրներին՝ հեռուստաալիքը հավելում է, որ 46-րդ նախագահ Ջո Բայդենը նույնպես չի եղել այն անձը, ում մասին ակնարկել է Թրամփը։