Միացյալ Նահանգները պատասխանատվություն են կրում Իրանի տարրական դպրոցի վրա կատարված հարձակման համար, որի հետևանքով զոհվել է առնվազն 170 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են։ Այս մասին նշված է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նոր հետաքննության մեջ՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել հարձակման մեղավորներին։

Իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ փետրվարի 28-ին հարավային Մինաբ քաղաքի դպրոցի վրա հարձակման ժամանակ, հավանաբար, օգտագործվել է ամերիկյան արտադրության Tomahawk հրթիռ։

«Tomahawk հրթիռներն այս հակամարտությունում բացառապես ԱՄՆ զինված ուժերի կողմից են օգտագործվում և հանդիսանում են բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներ», — ասված է հայտարարության մեջ։

Օգտագործելով արբանյակային լուսանկարներ, տեսագրություններ և փորձագետների հետ հարցազրույցներ՝ Amnesty-ն հայտնել է, որ հետաքննությունը ցույց է տվել, որ դպրոցը ուղիղ հարվածի է ենթարկվել՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հարևան համալիրի ևս մոտ տասը շինությունների հետ միասին։

«Սա մատնանշում է այն մասին, որ ամերիկյան ուժերը հարվածի ժամանակ չեն ձեռնարկել հնարավոր նախազգուշական միջոցները՝ քաղաքացիական բնակչության շրջանում վնասներից խուսափելու համար, ինչը միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտում է»,- հայտարարել է կազմակերպությունը։

«Այն փաստը, որ դպրոցի շենքը ուղղակիորեն թիրախավորվել է, իսկ նախկինում եղել է ԻՀՊԿ համալիրի կազմում, մտահոգություն է առաջացնում, որ ամերիկյան ուժերը կարող էին հիմնվել հնացած հետախուզական տվյալների վրա և չեն կատարել իրենց պարտականությունը և չեն ստուգել, թե արդյոք թիրախը ռազմական օբյեկտ է»։

Իրավապաշտպանները Մինաբի հարձակումը դիտարկում են որպես Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմում իրականացված հնարավոր ռազմական հանցագործությունների ապացույց։ Ըստ իրավաբան-փորձագետների՝ այդ պատերազմը սկսվել է անցյալ ամսվա վերջին՝ միջազգային իրավունքի խախտմամբ։

Վաշինգտոնը հայտարարել է միջադեպի առնչությամբ հետաքննություն անցկացնելու մասին, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բախվում է մանրակրկիտ հետաքննության և տեղի ունեցածի համար պատասխանատվության ենթարկվելու պահանջներին։

Միավորված ազգերի կազմակերպության փորձագետները դպրոցի վրա հարձակումը որակել են որպես «ծանր հարձակում երեխաների վրա», իսկ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օրենսդիրները կոչ են արել Թրամփի վարչակազմին «հստակ պատասխաններ տալ ամերիկյան հանրությանը և Կոնգրեսին այն մասին, թե ինչպես և ինչու է տեղի ունեցել այս ողբերգությունը»։

Քանի դեռ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը շարունակվում է, փորձագետներն իրենց մտահոգությունն են հայտնում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ, որոնք, նրանց կարծիքով, արհամարհանք են դրսևորում միջազգային իրավունքի նկատմամբ:

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն այս ամսվա սկզբին ակնարկել էր, որ Իրանի դեմ իրականացվող ռազմական օպերացիայի ընթացքում Վաշինգտոնը չի պատրաստվում հետևել «մարտական գործողությունների հիմար կանոններին»։

«Անկախ նրանից, թե ինչ են ասում այսպես կոչված միջազգային կառույցները, Ամերիկան իրականացնում է պատմության մեջ ամենամահաբեր և ամենաճշգրիտ օդային արշավը»,- մարտի 2-ին լրագրողներին ասել է Հեգսեթը:

«Ո՛չ մի հիմար կանոն մարտական գործողությունների համար, ո՛չ մի անվերջանալի գործընթաց՝ պետականաշինության կամ ժողովրդավարության հաստատման համար, ո՛չ մի քաղաքակիրթ պատերազմ: Մենք կռվում ենք հաղթելու համար և զուր չենք վատնում ո՛չ ժամանակ, ո՛չ էլ կյանքեր»:

Երկուշաբթի օրը Մինաբի հարձակման վերաբերյալ հրապարակված Amnesty International-ի հայտարարության մեջ նշվում է, որ մահացու հարվածի պլանավորման և իրականացման համար պատասխանատու անձինք պետք է կանգնեն դատարանի առաջ։

Կազմակերպության հետազոտությունների, շահերի պաշտպանության և քաղաքականության հարցերով ավագ տնօրեն Էրիկա Գևարա-Ռոսասը հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը չի կարողացել պարզել, թե տվյալ շենքը դպրոց է, սակայն, այնուամենայնիվ, հարված է հասցրել, ապա «դա մատնանշում է հարձակման պլանավորման ընթացքում թույլ տրված կոպիտ անփութությունը»։

Նրա խոսքով՝ դա նաև կվկայի «ԱՄՆ զինված ուժերի հետախուզության խայտառակ ձախողման և միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտման մասին»։

Որպես այլընտրանքային տարբերակ՝ Գևարա-Ռոսասը նշել է, որ ԱՄՆ-ը կարող էր տեղյակ լինել, որ դպրոցը գտնվում է ԻՀՊԿ համալիրի հարևանությամբ, բայց, այդուհանդերձ, հարված հասցնել՝ չձեռնարկելով «հնարավոր բոլոր նախազգուշական միջոցները» քաղաքացիական անձանց հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։

Այդ դեպքում հարձակումը «կնշանակի անխնա և անխտիր հարվածի իրականացում, որի հետևանքով սպանվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներ, և այն պետք է հետաքննվի որպես ռազմական հանցագործություն»,- ասել է նա։