CARE International հումանիտար կազմակերպության տվյալներով՝ Լիբանանում ավելի քան 69,900 հղի կին բազմաթիվ ֆիզիկական և հոգեբանական ռիսկերի է առերեսվում՝ Իսրայելի անդադար ավիահարվածների պատճառով: Մայրերը ստիպված են լինում ծննդաբերել ավտոմեքենաներում և դպրոցներում:

Տեղահանված կանայք բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են մանկական աշխատանքը, անձնական տարածքի բացակայությունը, մաքուր ջրի և բժշկական օգնության պակասը: Մյուսները դժվարանում են հասնել բժշկական հաստատություններ, քանի որ Իսրայելի ռմբակոծությունները քանդել են ճանապարհները, խաթարել տրանսպորտային հաղորդակցությունը և սրել վառելիքի ու դեղորայքի դեֆիցիտը:

«Ես տեսել եմ մի կնոջ, ով նոր էր կեսարյան հատմամբ ծննդաբերել և իր չորս օրական երեխայի հետ պառկած էր մայթին», - CNN-ին պատմել է Լիբանանում CARE International-ի՝ կանանց, աղջիկների և պաշտպանության հարցերով տարածաշրջանային խորհրդական Նուր Բեյդունը:

«Նա պետք է հանգստանար և վերականգնվեր ապահով վայրում, սակայն մեզ ասաց, որ դեռևս ցավեր ունի և չի կարողանում պատշաճ կերպով խնամել վիրահատական վերքը», - հավելել է Բեյդունը: «Տեսնել մորը, ով փորձում է պաշտպանել նորածնին՝ ապրելով փողոցում, պարզապես սիրտ է ճմլում»։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Լիբանանում տեղահանված է ավելի քան 1,3 միլիոն մարդ, որոնց կեսից ավելին կանայք և աղջիկներ են։ Հարվածների ուժգնացումից տուժած կանանց և աղջիկների համար գենդերային բռնության, սեռական շահագործման և դաժան վերաբերմունքի սպառնալիքը միայն աճել է, նշել է Բեյդունը։

«Այս պայմանները ոչ միայն վտանգում են կյանքերը, այլև կանանց զրկում են արժանապատվությունից», - ընդգծել է նա: