Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքները «բացասական ազդեցություն են ունենում Ուկրաինայի վրա» և մտահոգություն է հայտնել, որ դրա հետևանքով Ռուսաստանի հետ դանդաղընթաց խաղաղ բանակցությունները կարող են խաթարվել, գրում է The Guardian-ը։

Լոնդոն այցելելիս նախագահը նշել է, որ իր կարծիքով, Մերձավոր Արևելքում պատերազմը «շեղում է ուշադրությունը Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցություններից», մինչդեռ Ռուսաստանի տնտեսական և ռազմական դիրքերն ամրապնդվել են։

«Ես հույս ունեմ, որ Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունները չեն փլուզվի այնպես, ինչպես փլուզվեցին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները»,- ասել է Ստուբը՝ ամփոփելով Արևելյան Եվրոպայում պատերազմի վիճակի վերաբերյալ մի շարք հոռետեսական դիտողությունները։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով նավթի գների կտրուկ աճը կլցնի «Կրեմլի գանձարանը» այն նույն ժամանակ, երբ Ռուսաստանի տնտեսությունը «իրականում ծանր վիճակում էր»։

Ստուբը հավելել է, որ Պարսից ծոցի երկրները և ԱՄՆ-ն ակտիվորեն օգտագործում են Patriot ՀՕՊ համակարգերը՝ իրանական Shahed անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար, ինչը «շեղում է անհրաժեշտ ՀՕՊ համակարգերի մի մասը» Ուկրաինայի պաշտպանությունից։

«Ես ոչ մի պատրանք չունեմ, թե ով կարող է համոզել նախագահ Թրամփին որևէ բանում։ Միանշանակ՝ ես չէ։ Եթե ինձ հաջողվի առաջ մղել Ուկրաինայի վերաբերյալ տասից գոնե մեկ գաղափարը, արդեն իսկ լավ կլինի»,- ասել է Ստուբը։