Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը մանրամասն հայտարարություն է տարածել Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնից Ջո Քենթի հրաժարականի վերաբերյալ, որը հայտարարել էր, որ «Իրանը Միացյալ Նահանգների համար անմիջական սպառնալիք չի ներկայացնում» ։

Լևիթը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «համոզիչ ապացույցներ ունի, որ Իրանը մտադիր էր առաջին հարվածը հասցնել Միացյալ Նահանգներին»։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը վստահեցրել է, որ այդ ապացույցները «հավաքվել են բազմաթիվ աղբյուրներից և գործոններից»։

«Գերագույն հրամանատարն է որոշում, թե ինչն է սպառնալիք, և ինչը՝ ոչ, քանի որ հենց նա է սահմանադրորեն լիազորված նման որոշումներ ընդունելու, և քանի որ ամերիկացի ժողովուրդը քվեարկության ժամանակ վերջնական վճիռ ընդունելու հարցում վստահել է միայն նրան»,- ասել է Լևիթը։

Նա միաժամանակ քննադատել է Քենթի՝ «Իրանի վրա հարձակվելու որոշումը Թրամփն ընդունել է ուրիշների, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների ազդեցության տակ» հայտարարությունը, միաժամանակ այն «վիրավորական և ծիծաղելի» որակելով:

Սպիտակ տնից դուրս Թրամփի այլ խորհրդականներ, այդ թվում՝ Սպիտակ տան նախկին հաղորդակցության տնօրեն Թեյլոր Բադովիչը ևս հանդես են եկել ընդդեմ Քենթի, Քենթին «խելագար եսակենտրոն» և «պարտվողական» անվանելով: