Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա և հանդիպել թագավոր Չարլզի, վարչապետ Սթարմերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռուտտեի հետ, հաղորդում է UNIAN-ը։

Սթարմերի հետ նա քննարկել է Octopus որսորդական անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացումը, ինչպես նաև արտաքին միջամտությանը հակազդելու, տնտեսության և առևտրի հարցերը։ Ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։

Կանխատեսվում է, որ Ուկրաինայի նախագահը շուտով ելույթ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։

Մեծ Բրիտանիայում Զելենսկին հայտարարել է, որ Shahed անօդաչու թռչող սարքերը որսացող ուկրաինացի փորձագետներն արդեն ժամանել են Մերձավոր Արևելք, Պարսից ծոցի տարածաշրջան։

Ըստ նրա՝ ներգրավված է 201 ուկրաինացի։

«Սրանք ռազմական փորձագետներ են, որոնք գիտեն, թե ինչպես պաշտպանվել և ինչպես հակազդել Shahed անօդաչու թռչող սարքերին։ Մեր թիմերն արդեն ԱՄԷ-ում, Քաթարում և Սաուդյան Արաբիայում են, ինչպես նաև ուղևորվում են Քուվեյթ»,- հավելել է Զելենսկին։

Նա նշել է, որ ևս 34 մարդ պատրաստվում է մեկնելու։

Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է օգնելու արտերկրում Shahed-ները խոցելու հարցում: «Եթե մեզ անհրաժեշտ լինի կանգնեցնել Shahed-ը Էմիրություններում, մենք դա կարող ենք անել: Եթե մեզ անհրաժեշտ լինի կանգնեցնել Shahed-ը Եվրոպայում, մենք դա կարող ենք անել»:

Նա նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է իր գործընկերներին առաջարկելու համագործակցություն անօդաչու թռչող սարքերի ոլորտում:

«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է Ուկրաինայի պատերազմական փորձությունների ենթարկված ուժն ու հնարավորությունները թողնել սեփական անվտանգության սահմաններից դուրս»,- հավելել է նա: