Էրբիլն ու Բաղդադը առանցքային համաձայնության են եկել Քուրդիստանից Թուրքիա ձգվող խողովակաշարով իրաքյան նավթի արտահանումը վերսկսելու շուրջ։ Այս մասին երեքշաբթի «Rudaw»-ին հայտնել է Իրաքի խորհրդարանի քուրդ պատգամավորը։ Համաձայնությունը կայացել է այն բանից հետո, երբ Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանին նշել է, որ Էրբիլն ընդառաջել է Բաղդադի խնդրանքին՝ հաշվի առնելով ստեղծված «արտակարգ հանգամանքները»։

Իրաքի նավթի նախարար Հայյան Աբդուլ Ղանին «Rudaw»-ին տեղեկացրել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի առավոտյան։

Իրաքի Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Շերվան Դուբարդանին լրագրող Հալկավտ Ազիզի հետ զրույցում հաստատել է, որ կողմերն արդեն վերջնականացրել են արտահանման վերսկսմանն ուղղված գործարքը։

«Էրբիլն ու Բաղդադը համաձայնության են եկել նավթի արտահանման հարցում և գործընթացը կմեկնարկի վաղը։ Առաջին փուլում համատեղ ուժերով կարտահանվեն Քուրդիստանի և Կիրկուկի հանքավայրերի առկա պաշարները»,- նշել է Դուբարդանին։

Դրանից անմիջապես հետո վարչապետ Բարզանին պարզաբանել է, որ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը համաձայնել է դյուրացնել խողովակաշարով նավթի արտահանումը՝ ելնելով երկրի առջև ծառացած խնդիրներից։

X սոցիալական ցանցի իր էջում քուրդ պաշտոնյան նշել է. «Հաշվի առնելով երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը և այս բարդ կացությունը հաղթահարելու մեր ընդհանուր պատասխանատվությունը՝ մենք որոշեցինք հնարավորինս սեղմ ժամկետներում թույլատրել նավթի մղումը Քուրդիստանի խողովակաշարով»։

«Միևնույն ժամանակ, մենք կշարունակենք բանակցությունները դաշնային կառավարության հետ՝ Քուրդիստան ներկրվող ապրանքների և առևտրային փոխադրումների սահմանափակումներն անհապաղ վերացնելու, ինչպես նաև նավթագազային ընկերություններին երաշխիքներ տրամադրելու շուրջ, որպեսզի վերջիններս կարողանան անվտանգ կերպով վերսկսել արդյունահանումը»,- հավելել է Բարզանին։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ այս գործընթացում ունեցած դերակատարման համար։

«Իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում մեր ամերիկացի գործընկերներին՝ այս գործընթացում ունեցած դերակատարման և ցուցաբերած աջակցության համար»,— նշել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդը։

Անցյալ շաբաթ Բաղդադը պաշտոնապես դիմել էր Էրբիլին՝ խնդրելով խողովակաշարով օրական մինչև 300,000 բարել նավթ արտահանել՝ ի հավելումն Քուրդիստանում արդյունահանվող շուրջ 200,000 բարելի։ Նախարարությունը պարզաբանել է, որ նման ծավալի արտահանումը կարող է օգնել «Հորմուզի նեղուցի փակմամբ պայմանավորված ճգնաժամի հետևանքները մեղմելու համար»։ Այս ամենը տեղի է ունենում տարածաշրջանային լարվածության սրման ֆոնին, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով։

Բաղդադի արտահանման ծավալները զգալիորեն նվազել են այն բանից հետո, երբ Իրանը փաստացի փակել է ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցը։ Այդ ժամանակից ի վեր դաշնային կառավարությունը փորձում է գտնել նավթի արտահանման այլընտրանքային ուղիներ, քանի որ նավթից ստացվող եկամուտները կազմում են երկրի բյուջեի շուրջ 90 տոկոսը։