Իրանը հարված է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են ավստրալացի զինվորներ: Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը վնասել է բժշկական և բնակելի տարածքները: Այս մասին հայտնում է ավստրալական ABC News հեռուստաալիքը:
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն տեղեկացրել է, որ իրանական արկն այսօր՝ արևելյան ժամանակով ժամը 09:15-ի սահմաններում, ընկել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Ալ-Մինհադ» ավիաբազայի մոտակայքով անցնող ճանապարհի վրա։ Դեռևս հստակ չէ՝ դա հրթիռային հարված էր, թե անօդաչու թռչող սարքի գրոհ, սակայն դրա հետևանքով բռնկված հրդեհը «չնչին վնաս» է հասցրել բնակելի հատվածին և բժշկական հաստատությանը, նշել է վարչապետը։
Ավելի քան 100 ավստրալացի զինծառայողներ տեղակայված են «Ալ-Մինհադ» բազայում, որտեղ կան նաև բրիտանական ստորաբաժանումներ և ԱՄՆ զինված ուժերի փոքրաթիվ անձնակազմ։ Թեև բազան պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին, Ավստրալիան այն որպես իր հիմնական ռազմական, լոգիստիկ, հետախուզական և ուսումնական կենտրոն է օգտագործում Մերձավոր Արևելքում։ 2003 թվականից ի վեր սա Ավստրալիայի պաշտպանության ուժերի օպերատիվ կենտրոնն է, սակայն 2021 թվականին Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո ավստրալական ներկայությունն այնտեղ կրճատվել է։ Տարածաշրջանում գործուղման մեջ գտնվող գերատեսչության աշխատակիցները հաճախ են ժամանում «Ալ-Մինհադ» կամ մեկնում այնտեղից։ «ABC» հեռուստաալիքին հայտնել են, որ «Wedgetail» ինքնաթիռը, որն անցյալ շաբաթ կառավարության որոշմամբ տեղափոխվել էր Մերձավոր Արևելք, արկի ընկնելու պահին բազայում չի եղել։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կարող է վերանայել «Ալ-Մինհադում» տեղակայման պայմանները՝ հաշվի առնելով պահպանվող սպառնալիքը։





























