2025 թվականին Հայաստանի պետական բյուջեի միջոցներով հաջողվել է կառուցել և վերանորոգել 504,5 կմ ճանապարհ, որից 135 կմ-ը՝ միջպետական են, շուրջ 200 կմ-ը՝ հանրապետական և 170 կմ-ը՝ մարզային նշանակության։ Այս մասին մարտի 18-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021–2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի ներկայացման ժամանակ, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Ամբողջությամբ պատրաստ է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի՝ Աշտարակից Գյումրի տանող հատվածը։ Այս ճանապարհահատվածը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար», — ասել է Խուդաթյանը։
Միևնույն ժամանակ, ակտիվորեն կառուցվում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածը (32 կմ)։ Թունելներն արդեն պատրաստ են։
«Ծրագրված է 15 կամրջի շինարարություն, որոնցից 14-ի վրա աշխատանքներն արդեն ընթանում են», - հայտնել է նախարարը:
Ըստ նրա՝ այս պահին սա խոշորագույն շինարարական օբյեկտներից մեկն է: Այստեղ օրական ծախսվում է շուրջ 60 միլիոն դրամ, և աշխատում է մոտ 700 մարդ:
«Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել և վերանորոգվել է 265 կմ ճանապարհ», - հայտարարել է Կառավարության ներկայացուցիչը:





























