Հայաստանի երկու օդանավակայանները 2025 թվականին շուրջ 5,7 մլն ուղևորի են սպասարկել։ Այս մասին մարտի 18-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարողականը։

Սա, նախարարի խոսքով, 7,5%-ով գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը։

«Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մասով աճը կազմել է 7%, իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի դեպքում՝ 32,4%»,- նշել է Խուդաթյանը։

Նախարարն ընդգծել է, որ սա պայմանավորված է պետական սուբսիդիաներով, որոնք տրամադրվում են ավիաընկերություններին Գյումրիից նոր չվերթներ բացելու դեպքում։ Մասնավորապես, 2025 թվականի հոկտեմբերից գործարկվել է «Wizz Air» ընկերության Գյումրի-Լարնակա չվերթը։

«2025 թվականին դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող չվերթներ են կատարել 48 ավիաընկերություններ՝ 67 ուղղություններով»,- հավելել է Կառավարության ներկայացուցիչը։