Թուրքիայի նախագահական հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնում հերքել են սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, ըստ որոնց նախագահի նոր հրամանագիրը Իսրայելին հնարավորություն կտա լոգիստիկ աջակցություն ստանալ Անկարայից։
«Որոշ սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե նախագահական հրամանագրի շնորհիվ Թուրքիան լոգիստիկ աջակցություն կցուցաբերի Իսրայելին կամ կթույլատրի օտարերկրյա պետություններին պատկանող զենքի տարանցումը, բացահայտ ապատեղեկատվություն են։ 2026 թվականի մարտի 17-ին «Պաշտոնական տեղեկագրում» 33199 համարի ներքո հրապարակված հրամանագիրը չի ազատականացնում Թուրքիայի տարածքով ռազմական տեխնիկայի, զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի տարանցումը։ Ընդհակառակը, այդ գործողություններն այժմ ենթակա են ստուգման և Առևտրի նախարարության կողմից վերահսկողության և համապատասխանության վկայականի տրամադրում են պահանջում»,- նշվում է կենտրոնի հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ հրամանագիրը տրվել է «գործնականում առաջացող անորոշությունները վերացնելու» համար՝ տարանցիկ բեռնափոխադրումների և տարանցիկ առևտրի վերաարտահանման ընթացակարգերը կիրառելիս, ինչպես նաև մաքսային կետերում փոխադրամիջոցների երկարատև սպասումները կանխելու համար։
«Դա տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ որևէ առնչություն չունի»,- հայտարարել են կենտրոնում։





























