ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է 100-ամյա «առևտրային ծովային օրենքը» (ավելի հայտնի որպես Ջոնսի օրենք)՝ ԱՄՆ-ում նավթի, գազի և այլ ապրանքների փոխադրման ծախսերը կրճատելու համար։
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ ըստ Թրամփի գործադիր հրամանագրի՝ կասեցումն ուժի մեջ կմնա առաջիկա 60 օրվա ընթացքում։
Ջոնսի օրենքը, որն իր ներկայիս տեսքով գոյություն ունի 1920 թվականից, պահանջում է, որ ԱՄՆ նավահանգիստների միջև բեռնափոխադրումները կատարվեն միայն ԱՄՆ դրոշի ներքո նավարկող, ԱՄՆ նավաշինարաններում կառուցված և ԱՄՆ քաղաքացիներին պատկանող նավերով։
Դրա կասեցումը օտարերկրյա նավերին հնարավորություն կտա ԱՄՆ նավահանգիստների միջև տեղափոխել մի շարք ապրանքներ, դրանց թվում՝ նավթ, ածուխ, նավթամթերք, բնական գազ, հեղուկացված բնական գազ և պարարտանյութեր։
«Նախագահի՝ Ջոնսի օրենքը 60 օրով կասեցնելու որոշումը հերթական քայլ է նավթի շուկայում կարճաժամկետ խափանումների զսպման ուղղությամբ»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Վարչակազմը շարունակում է հանձնառու լինել կարևորագույն մատակարարման շղթաների հետագա ամրապնդմանը»,- հավելել է նա։
Ժամանակավոր մեղմացումը կարող է նվազեցնել գների վրա ճնշումը՝ թույլ տալով ավելի էժան արտասահմանյան լցանավերին ներքին առաքումներ կատարել։ Ակնկալվում է, որ այս միջոցառումը կնվազեցնի նավթի առաքման արժեքը Մեքսիկական ծոցի ափից դեպի Արևելյան ափի վերամշակման գործարաններ, ինչպես նաև բենզինի և դիզելային վառելիքի առաքման արժեքը դեպի հյուսիս-արևելքի խիտ բնակեցված շուկաներ, գրում է Bloomberg-ը։





























