Տնտեսագետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դաշնային վիճակագրական բյուրոյի ղեկավարի պաշտոնում նախկին թեկնածու Էյ Ջեյ Էնթոնին հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսությունը չափազանց թույլ է՝ դիմակայելու նավթի գներին, որոնք Իրանի դեմ պատերազմի պատճառով հասել են 100 դոլարի մեկ բարելի դիմաց, գրում է Financial Times-ը: Պարբերականն Էնթոնիին անվանում է Թրամփի զինակից:

«Ես չեմ կարծում, թե մեր տնտեսությունը կարող է դիմակայել 100 դոլարի մեկ բարելի դիմաց նավթի գներին. պարզապես չի դիմանա»,- համոզված է տնտեսագետը: Նա նշել է նաև, որ ԱՄՆ տնտեսությունն «ավելի թույլ է, քան մենք ենթադրում էինք», իսկ գնաճը՝ «ավելի վատ, քան կարծում էինք»:

2025 թվականին գները նվազման միտում ունեին, մինչդեռ հիմա, էներգիայի ծախսերի աճի պատճառով, հակառակ ազդեցությունն է լինելու, կարծում է Էնթոնին: Նրա խոսքերը հնչել են Իրանի դեմ պատերազմին դեմ լինելու պատճառով ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթի հրաժարականից մեկ օր անց, նշում է Financial Times-ը: Պարբերականը դա որակել էԹրամփի վարչակազմի առաջին նշանակալի «դասալքությունը»:

Թրամփմ օգոստոսին Էնթոնիին ընտրեց Ազգային վիճակագրական բյուրոյի ղեկավար, սակայն մեկ ամիս անց նա հանկարծ փոխեց միտքը՝ ընտրելով մեկ այլ տնտեսագետի՝ Բրեթ Մացումոտոյին։ Մացումոտոյի հաստատումը ներկայում սպասվում է Սենատում, նշում է պարբերականը։ Էնթոնին հրաժարվել է մեկնաբանել, թե ինչպես է Թրամփը նրան տեղեկացրել, որ այլևս իր թեկնածուն չէ Ազգային վիճակագրական բյուրոյի ղեկավարման համար՝ հայտարարելով, որ «կնախընտրեր այդ զրույցները գաղտնի պահել»։

Հոդվածում նշվում է, որ Հանրապետական ​​կուսակցությունը գնալով ավելի է անհանգստանում նավթի բարձր գներով, որոնք կարող են խաթարել իրենց հնարավորությունները 2026 թվականի նոյեմբերին անցկացվելիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Մարտի 18-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի  շարունակման ֆոնին Brent տեսակի նավթի գինը 5%-ով բարձրացավ՝ հասնելով գրեթե 110 դոլարի մեկ բարելի համար։

Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կշահի նավթի բարձր գներից որպես խոշոր արտադրող։ Նա ասաց նաև, որ նավթի գները կնվազեն, երբ «Իրանից եկող միջուկային սպառնալիքը» վերացվի։