Այս ամսվա սկզբին Լուիզիանայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոշոր ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են միջուկային զենք կրելու ունակ B-52 ռազմավարական ռմբակոծիչներ, մեծ թվով «չարտոնված անօդաչուներ» են նկատվել, ինչը հանգեցրել է բազայի մուտքի ու ելքի արգելափակման, գրում է The Independent-ը։

Բարքսդեյլ ավիաբազայում տագնապ է հայտարարվել մարտի 9-ին՝ բազայի տարածքում «անօդաչու ավիացիոն համակարգի» գործողությունների մասին հաղորդումներից հետո։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել Իրանի հետ պատերազմի պայմաններում անվտանգության սպառնալիքների վերաբերյալ խորացող մտահոգությունների ֆոնին։

Բարքսդեյլն ԱՄՆ ռազմաօդային ուժերի մեծությամբ երկրորդ օդանավակայանն է և ունի ավելի քան 40 B-52 ռազմավարական ռմբակոծիչ։ Բազայում բնակվում է մոտ 15,000 մարդ, այդ թվում՝ գործող զինծառայողներ, պահեստազորայիններ, զինվորականների ընտանիքներ և քաղաքացիական աշխատակիցներ։

Ըստ ABC News-ի ձեռք բերած գաղտնի փաստաթղթի՝ «զգայուն գոտիներում» արձանագրվել է 12-15 անօդաչու սարքերից բաղկացած մի քանի ալիք։

«2026 թվականի մարտի 9-ից 15-ը Բարքսդեյլ ավիաբազայի անվտանգության ուժերը դիտարկել են 12-15 անօդաչուների մի քանի ալիք, որոնք գործել են բազայի զգայուն հատվածների, այդ թվում՝ թռիչքուղու վրա։ Անօդաչուները դրսևորել են ոչ կոոպերատիվ ազդանշան, կառավարման հեռահար գծեր և դիմադրություն ճնշման միջոցներին», - ասվում է ABC News-ին փոխանցված փաստաթղթում։

«Բազայի տարածքում մի քանի կետ անցնելուց հետո անօդաչուները ցրվել են զգայուն տեղանքներով», - նշվում է փաստաթղթում։

Գաղտնի փաստաթղթում նաև նշվում է, որ անօդաչուների ներխուժումը բազա «զգալի սպառնալիք է ներկայացնում հանրային և ազգային անվտանգության համար, քանի որ պահանջում է թռիչքուղու փակում և ռիսկ է ստեղծում արդեն օդում գտնվող օդաչուավոր օդանավերի համար»։

Անվտանգության ապահովման նպատակով մարտի 9-ին շենքերից դուրս չգալու հրահանգ է տրվել։

Բազայի հրամանատարությունը հաստատել է, որ տարածք մուտքը սահմանափակվել է բոլորի համար, բացի բարձրագույն թույլտվություն ունեցող անձնակազմից, իսկ բազայի բազմաթիվ գործողություններ ժամանակավորապես կասեցվել են։