Իրաքի ավիացիոն իշխանությունները երկրի օդային տարածքում թռիչքների արգելքը երկարաձգել են ևս երեք օրով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի օդային երթևեկության համար պատասխանատու «Բաղդադ» թռիչքային տեղեկատվության շրջանի կարգավարական ծառայության աղբյուրին։

«Օդային տարածքը փակ կլինի առնվազն մինչև չորեքշաբթի՝ մարտի 25-ը, համաշխարհային ժամանակով ժամը 09:00-ն»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա հիշեցրել է, որ Իրաքի երկինքը փակվել էր փետրվարի 28-ի առավոտյան՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության պատճառով։

Ավելի վաղ Մերձավոր Արևելքի ավիակարգավարական շրջանակների աղբյուրը ТАСС-ին հայտնել էր, որ Իրանի իշխանությունները սեփական օդային տարածքի փակումը երկարաձգել են մեկ շաբաթով՝ մինչև կիրակի՝ մարտի 29-ը, համաշխարհային ժամանակով ժամը 08:30-ն։ Բացառություն կարող են լինել պետական, ռազմական և սանիտարական ավիացիայի թռիչքները, ինչպես նաև որոնողափրկարարական նպատակներով և քաղաքացիական ավիացիայի կառավարման մարմնի հատուկ թույլտվություններով իրականացվող չվերթները։