Իրանական ռիալը կտրուկ ամրապնդվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ժամանակավորապես թույլատրել է արդեն ճանապարհին գտնվող իրանական նավթի մի մասի վաճառքը, հայտնում է The Wall Street Journal-ը։

Ռիալի փոխարժեքն աճել է մոտ 6,7%-ով՝ հասնելով մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 1,559 միլիոն ռիալի, ինչը դարձել է արժույթի առաջին նկատելի ամրապնդումը տարածաշրջանային ներկա էսկալացիայի սկզբից ի վեր։

Փորձագետները նշում են, որ թրեյդերները ԱՄՆ որոշումն ընդունել են որպես Իրանի տնտեսություն արտարժույթի ներհոսքի ավելացման հնարավորություն՝ չնայած գործող պատժամիջոցներին, իսկ միջոցների մի մասը, հավանաբար, կուղղվի ռազմական ծախսերին։

ԱՄՆ վարչակազմը պարզաբանել է, որ թույլտվությունը տարածվում է միայն արդեն նավեր բարձված նավթի վրա և գործում է ժամանակավորապես։ Այս որոշումն ուղղված է համաշխարհային էներգետիկ շուկաների վրա ճնշման նվազեցմանը և ԱՄՆ-ի, Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի հետևանքով առաջացած նավթի գների կտրուկ աճի մեղմացմանը։

Ըստ Reuters-ի, լիցենզիան գործում է 30 օր և ներառում է շուրջ 140 միլիոն բարել նավթ։ Միևնույն ժամանակ, Իրանում նավթի նոր գնումներն ու արդյունահանումը մնում են պատժամիջոցների տակ։

Փորձագետները նախազգուշացնում են, որ վաճառքի թույլտվության ազդեցությունը կարող է կարճատև լինել, իսկ էներգետիկ շուկաներում կառուցվածքային խնդիրները պահպանվում են։ ԱՄՆ որոշումն ուղղված է լարվածության մարտավարական նվազեցմանը, սակայն այն չի վերացնում Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակվող էսկալացիայի հետ կապված ռիսկերը։