ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության աշխատանքի դադարեցումն արդեն իսկ երկրի համար արժեցել է 2,5 միլիարդ դոլար: Այս մասին ասված է Սպիտակ տան X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:

«ԱՄՆ Տրանսպորտային անվտանգության վարչության ավելի քան 400 աշխատակից է ազատվել աշխատանքից: Կորսվել է 2,5 միլիարդ դոլար: Օդանավակայաններում քաոս է տիրում, իսկ հետևանքներից տառապում են ամերիկացիները: Այս ամենի մեղավորը դեմոկրատների քաղաքական խաղերն են»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսի իր քաղաքական ընդդիմադիրներին՝ Դեմոկրատական կուսակցությանը, կոչ է արել անհապաղ աջակցել Ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորմանը:

Մարտի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ TSA-ի աշխատակիցների պակասի ֆոնին, մարտի 23-ից սկսած ամերիկյան օդանավակայանների անվտանգության ապահովման գործում կներգրավվեն ԱՄՆ Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) աշխատակիցները:

Տրանսպորտային անվտանգության վարչությունը Ներքին անվտանգության նախարարության կազմում է. այն ստեղծվել է 2001 թվականին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, և ի թիվս այլ գործառույթների, պատասխանատու է օդանավակայանների անվտանգության ապահովման համար: