Ամերիաբանկն օրերս հայտարարեց, որ որպես Lion Finance Group միջազգային ֆինանսական խմբի մաս ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում՝ դառնալով հայկական առաջին ընկերությունը, որն ընդգրկվում է հեղինակավոր այս ինդեքսում։ Մարտի 20-ին LFG խումբը պաշտոնապես միացավ ինդեքսին: 

Ի՞նչ նշանակություն ունի այս իրադարձությունը Հայաստանի համար, ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության և ներդրումային գրավչության վրա և որքանո՞վ կբարձրացնի մեր երկրի տեսանելիությունը միջազգային ֆինանսական շուկաներում. այս հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ։

Պարո՛ն նախարար, ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձության կարևորությունը մեր երկրի տեսանկյունից։

Սա կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, քանի որ ցույց է տալիս, որ մեր տարածաշրջանի հետ կապված ֆինանսական հաստատությունները կարող են լինել համաշխարհային ամենահեղինակավոր շուկաների ուշադրության կենտրոնում։ Այն վկայում է կառավարման բարձր մշակույթի, ռազմավարական զարգացման և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության մասին։ Հայաստանի տեսանկյունից սա նաև վստահության կարևոր ազդակ է, որ մեր երկրում ձևավորվում են մրցունակ և միջազգային շուկաներին ինտեգրվող ինստիտուտներ։ Այսպիսի հաջողությունները նպաստում են երկրի տնտեսական հեղինակության ամրապնդմանը։

Ձեր կարծիքով՝ Lion Finance Group-ի ընդգրկվելը FTSE 100-ի կազմում ի՞նչ նշանակություն կունենա տարածաշրջանի համար, հատկապես, որ Խմբի ընկերություններից մեկը գործում է Հայաստանում, իսկ մյուսը՝ Վրաստանում: 

Հայաստանի և Վրաստանի շուկաներում խմբի ներկայությունը վկայում է, որ տարածաշրջանում հնարավոր է ձևավորել այնպիսի բիզնես միջավայր և ինստիտուցիոնալ կարողություններ, որոնք համապատասխանում են միջազգային ներդրողների և կապիտալի շուկաների պահանջներին։ Այս իրադարձությունը կարող է նպաստել տարածաշրջանի նկատմամբ վստահության աճին և այն ընկալմանը, որ Հարավային Կովկասը կարող է լինել ոչ միայն տեղական, այլև միջազգային կապիտալի համար հետաքրքիր և հեռանկարային ուղղություն։ Այդ առումով, սա կարևոր նախադրյալ է տարածաշրջանային տնտեսական կապերի խորացման, նոր ներդրումների ներգրավման և ֆինանսական համագործակցության ընդլայնման համար։

Ամերիաբանկի՝ որպես LFG-ի մաս, ընդգրկումը FTSE 100 ինդեքսում ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության և երկրի ներդրումային գրավչության համար։

Այս իրադարձությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի ներդրումային գրավչության վրա, քանի որ միջազգային ներդրողներին ցույց է տալիս հաջողության և աճի իրական օրինակ։ Այն բարձրացնում է վստահությունը Հայաստանի ֆինանսական միջավայրի և բիզնես մշակույթի նկատմամբ։ Արդյունքում, սա կարող է աջակցել նոր կապիտալի ներգրավմանը և Հայաստանի տնտեսական հնարավորությունների ավելի լայն ներկայացմանը։

Արդյո՞ք այս իրադարձությունը կարող է նպաստել համաշխարհային ֆինանսական շուկաներում Հայաստանի տեսանելիության բարձրացմանը։

Այո՛, միանշանակ կարող է, որովհետև նման իրադարձությունները Հայաստանի անունը կապում են միջազգային բարձր հեղինակություն ունեցող ֆինանսական հարթակների հետ։ FTSE 100-ի նման ինդեքսում խմբի ընդգրկումը մեծացնում է հավանականությունը, որ միջազգային վերլուծաբանները, ներդրողները և ֆինանսական շրջանակները ավելի մեծ ուշադրություն կդարձնեն նաև Հայաստանին։ Սա կարևոր է քանի որ տեսանելիությունը հաճախ նախադրյալ է նոր գործընկերությունների և ներդրումների համար։