Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող օբյեկտներին, որոնց հետևանքով վնասվել են ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը։ Այս մասին մարտի 23-ին հայտնել է Military Watch Magazine (MWM) հանդեսը։
«Արբանյակային լուսանկարները հաստատել են, որ Բահրեյնի «Ռիֆա» ավիաբազային հասցված իրանական հարվածները ոչնչացրել են MIM-104 Patriot զենիթահրթիռային համալիրի մի քանի բաղադրիչներ, ինչպես նաև վնասել են տարածքում գտնվող երկու ամրացված թաքստոց», — նշված է հրապարակման մեջ։
Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ Patriot համակարգերը հերթական անգամ ցածր արդյունավետություն են դրսևորել իրանական բալիստիկ հրթիռները որսալու փորձերի ժամանակ։
MWM-ի տվյալներով՝ այժմ համալիրի օպերատորները յուրաքանչյուր մոտեցող թիրախի ուղղությամբ արձակում են ոչ թե երկու, այլ երեք որսիչ հրթիռ։
Փորձագետները սա բացատրում են այն հանգամանքով, որ փորձ է արվում փոխհատուցել իրական մարտական պայմաններում ամերիկյան համակարգերի գրանցած հաջողության «սպասվածից շատ ավելի ցածր հավանականությունը»։





























