Ֆրանսիան կրկին հայտնվել է Լիբանանի կողքին՝ ոչ թե լոյալությունից դրդված, թեև հոգու խորքում դա էլ բավարար կլիներ, և ոչ էլ խորը բարեկամության պատճառով, որը նույնպես բավարար կլիներ, այլ որովհետև Լիբանանի այսօրվա պայքարն արդարացի է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Խոսքը նրանց դեմ պայքարի մասին է, ովքեր սպառնում են Լիբանանի կամ նրա հարևանների անվտանգությանը։ Եվ այստեղ ոչ ոք չի արդարացնում հարձակումներն ու ահաբեկչական շարժումները։ Սակայն ուղերձը հետևյալն է. Լիբանանը պետք է ինքնուրույն լուծի իր խնդիրները, և ոչինչ չի կարող արդարացնել նրա տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտումը։

Ինչպե՞ս կարող են հարգել եվրոպացիներին, որոնք պաշտպանում են Եվրոպայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, եթե մենք չենք պաշտպանում դրանք Լիբանանի կամ այլ երկրների դեպքում։ Միջազգային իրավունքում երկակի ստանդարտներ չկան. դրանք պարզապես գոյություն չունեն։

Այս դժվարին ժամանակներում ես ցանկանում եմ ևս մեկ անգամ աջակցություն հայտնել Լիբանանին։ Պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ ռմբակոծությունները դադարեցնելու, շարունակվող ցամաքային գործողությանը վերջ տալու և Լիբանանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Միայն այս շրջանակներում կարող է կառուցվել խաղաղություն, և միայն այս շրջանակներում կարող է երաշխավորվել տարածաշրջանի բոլոր կողմերի անվտանգությունը։

Ոչ մի օկուպացիա, գաղութացման ոչ մի ձև՝ ո՛չ այստեղ, ո՛չ Հորդանան գետի արևմտյան ափին, ո՛չ էլ որևէ այլուր, չի կարող երաշխավորել որևէ մեկի անվտանգությունը։ Եվ ես, իհարկե, չեմ մոռացել Գազայի մասին։ Այն փաստը, որ միջազգային հանրության մի մասը շեղել է իր ուշադրությունը Գազայից, չի նշանակում, որ մենք չենք կարող ևս մեկ անգամ ընդգծել Գազային մարդասիրական օգնության լիարժեք վերականգնման կարևորությունը և, ամենից առաջ, խաղաղության տանող միակ ուղու շարունակումը՝ քաղաքական ճանաչումը. մի ուղի, որն ընտրել է Ֆրանսիան և, հուսով եմ, մի ուղի, որին միջազգային հանրությունը լիովին կաջակցի։

Հույսներդ դրեք Ֆրանսիայի աջակցության և այն անսասան բարեկամության վրա, որը կապում է Ֆրանսիան ու Լիբանանը», - նշել է Մակրոնը։