Իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատերազմի վերաբերյալ կանխատեսումների «հիմքերի» ծագումը բացատրել է ընդդիմության հայտարարություններով։ Նա նման կարծիք է հայտնել NEWS.am-ին տված հարցազրույցում։

«Մենք պարզապես լսում ենք, թե ինչ են խոսում Հայաստանի ընդդիմադիր ուժերը։ Խաղաղության համաձայանգրի ռևիզիաների փորձերը, TRIPP-ի համաձայնագրի ռևիզիաների փորձերը, TRIPP-ի վրա Չինաստանին կամ Ռուսաստանին երաշխավոր բերելու մասին հայտարարությունները, «Արարատը մերն է» հայտարարությունները այդ խոսույթներն են», - թվարկել է Ալեքսանյանը։ Այն դիտարկմանը, թե TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է և ի՞նչ կապ ունի դրա հետ Ադրբեջանը, պատգամավորը պատասխանել է․ «Հայ-ամերիկյան այդ համագործակցությունը ևս մեկ անվտանգության և խաղաղության երաշխիք է և այդ համաձայնության և այդ նախագծի իրագործումը ևս մեկ լրացուցիչ անվտանգության ու խաղաղության երաշխիք է Հայաստանի համար ու դրա չեղարկումը էդ հավելյալ խաղաղության ու անվտանգության երաշխիքների փաստացի չեղարկում է»։

Այնուհետև պատգամավորը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրել է Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու մեջ, որոնք իբր հնչեցվել են վերջերս տեղի ունեցած համագումարի ժամանակ։ Ընդհանուր առմամբ, կեսժամանոց հարցազրույցի ընթացքում Վահագն Ալեքսանյանը առնվազն տաս անգամ հիշատակել է երկրի երկրորդ նախագահի անունը՝ անկախ նրանից, թե դա տեղին է եղել, թե ոչ։

Այն դիտարկմանը, որ իշխանությունները, հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելուց հետո, հիմա անցել են «պատերազմի և ոչ պատերազմի ուժերի» բաժանմանը, Ալեքսանյանը հայտարարել է. «Մենք չենք բաժանել։ Ոչ մեկ չի պարտադրում, որպեսզի ընդդիմությունը, ոչ մեկ ասելով նկատի ունեմ մենք չենք պարտադրում, որովհետև իրենց ակնհայտորեն պարտադրում են․ պարտադրողին էլ գիտենք, թե ով է։ Ընդդիմությանը մենք չէ, որ պարտադրում ենք, որ ընդդիմությունը կանգնի Թուրքիայից տարածքային պահանջներ ներկայացնի, որ ընդդիմությունը կանգնի խաղաղության համաձայնագիրը հարցականի տակ դնի, որ ընդդիմությունը կանգնի TRIPP-ի համաձայնագիրը կասկածի տակ դնի։ Մենք չենք, որ դա ստիպում ենք դա անել»։ Այն դիտարկմանը, թե պետք չէ ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնել, և ժողովուրդը կարող է ցանկանալ այլ ուժեր ընտրել, Ալեքսանյանը համապատասխան տոնով պատասխանել է. «Գուցե ժողովուրդը ուզո՞ւմ է պատերազմ։ ՉԷ, ես վստահ եմ, որ չի ուզում պատերազմ։ Բայց եթե հանկարծ պարզվի, որ ժողովուրդը ուզում է պատերազմ, ժողովուրդը ուզում է կորուստներ, ապա կարող է ընտրել Կարապետյանի ուժին, կարող է ընտրել Քոչարյանի ուժին, կարող է ընտրել Ծառուկյանին, կարող է ընտրել Սերժի (Սարգսյանի) պրոտեժե՝ Արման Թաթոյանին։ Եթե հանկարժ ուզում է, ես դեմ չեմ, ժողովուրդը ունի էդ ուզելու կամ չուզելու իրավունքը։ Բայց ես վստահ եմ, որ չի ուզում»։

Նրա խոսքով՝ միայն «ՔՊ»-ն (Քաղաքացիական պայմանագիր) է այն ուժը, որը համարձակություն ունի ասելու, որ [նախկին] ուղին սխալ էր և կործանարար անկախության ու ապագայի համար։ Միևնույն ժամանակ, նա կտրականապես համաձայն չի եղել խոսքի ազատության որևէ սահմանափակման առկայության հետ, իսկ մետրոյում Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպը բացատրել է նրանով, որ վարչապետի կողմից դա «հավելյալ էմոցիա» է եղել և ավելի ուշ նույնիսկ ներողություն է խնդրել։ «Իսկ հիշում եք, որ Ռոբերտ Քոչարյանի ախռանիկները ծեծելով սպանել էին Պողոս Պողոսյանին ի՞նչ էր ասել, ասել էր մի երկու բան էլ կասեի, ոչ թե ներեղություն էր խնդրել հարազատներից, ոչ թե ինչ-որ էս, ոչ թե ինչ-որ էն, այլ ասել էր մի երկու բան էլ կասեի»,- զուգահեռներ է անցկացրել Ալեքսանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Երևանում Փաշինյանի գլխավորած թիմը չհամարձակվեց երկարատև «զբոսանքների» դուրս գալ՝ պատգամավորը վստահեցրել է, որ պատճառը անցորդների չափազանց բուռն արձագանքն է՝ դրական իմաստով։ Հարկադրված ընդունելով մի քանի միջադեպերի փաստը (բավականին կարճ զբոսանքի ընթացքում)՝ Ալեքսանյանը հայտարարել է, թե դրանք եղել են «փոքրամասնության» ներկայացուցիչներ, որոնց հանդիպել են «առաջին պատահական բակ» այցելելու ժամանակ։ Ինչ վերաբերում է իշխանությունների քաղաքականությունից դժգոհողների համար հետևանքներին, Ալեքսանյանը վստահեցրել է, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է. «Մենք հո բանը չենք, մենք հո իրանք չենք, որ մեր օրոք հոկտեմբերի 27 տեղի ունենար»։

Ինչպես պարզվեց, Ալեքսանյանին դուր չեն գալիս նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների անվանումները։ Այսպիսով, «Մեր ձևով» անվանման մեջ պատգամավորը տեսնում է իշխանությունների անկարողության մասին ակնարկ։ Ամեն դեպքում, Ալեքսանյանը մի քանի խոսք է հավելել Կիրանցի հատվածի սահմանազատման մասին և հայտնել, որ սահմանամերձ այլ գյուղերի բնակիչները անհամբերությամբ սպասում են իրենց հերթին, որը չգիտես ինչու ուշանում է՝ հավանաբար տեխնիկական պատճառներով։

Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ «ՔՊ»-ի նախընտրական ցուցակը կհաստատվի ապրիլին կայանալիք կուսակցության համագումարի ժամանակ։