Կուբայի փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Միացյալ Նահանգների կողմից հնարավոր ռազմական ագրեսիային: Նա շեշտել է, որ «դրա մասին չմտածելը միամտություն կլինի»՝ Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի տապալումից և Իրանի դեմ ռազմական գործողությունից հետո:
Ֆերնանդես դե Կոսիոն պարզաբանել է, որ Հավանան զինված հակամարտությունը հավանական չի համարում, քանի որ «մեծ հույս ունի, որ դա տեղի չի ունենա», հաղորդում է Euronews-ը: Նա հավելել է, որ Վաշինգտոնը կղզու դեմ ռազմական գործողությունների համար որևէ հիմնավորում չունի:
Դիվանագետն ընդգծել է, որ Կուբան «խաղաղ» երկիր է, որը սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի համար, սակայն ունի ինքնապաշտպանության իրավունք: Չնայած երկկողմ լարվածության աճին, նա վերահաստատել է ամերիկյան ղեկավարության հետ երկխոսությունը շարունակելու Հավանայի պատրաստակամությունը:





























