Սա ո՛չ Իրաք է, ո՛չ էլ Աֆղանստան։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը՝ մեկնաբանելով Իրանի հետ պատերազմը։

«Մենք բանակցություններ ենք վարում ռումբերի օգնությամբ։ Երբեք ժամանակակից բանակը (նկատի ունենալով Իրանի բանակը - խմբ.) այդքան արագ չի ոչնչացվել առաջին իսկ օրը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։

Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են հինգ օրով։ Սակայն Իրանը հերքեց այս տեղեկությունը, իսկ Իսրայելը մերժեց Թրամփի առաջարկը։