ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Պեկին, որի ընթացքում նա բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ, նախատեսված է մայիսի 14-15-ին, չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Թրամփի երկար սպասված հանդիպումը նախագահ Սի Ծինպինի հետ այժմ տեղի կունենա Պեկինում մայիսի 14-15-ին», - ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է նա։
Նա հավելել է, որ Թրամփն ակնկալում է, որ Սի Ծինպինը պատասխան այց կկատարի Վաշինգտոն 2026 թվականին. ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։
ԱՄՆ առաջնորդի այցը սկզբնապես նախատեսված էր մարտի 31-ից ապրիլի 2-ը։
Սակայն Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ չինական կողմին խնդրել է հետաձգել իր այցը Պեկին մոտ մեկ ամսով։ Նա բացատրել է, որ Իրանի հետ ռազմական հակամարտության պատճառով այժմ ինքը պետք է մնա Միացյալ Նահանգներում։
Ավելի ուշ Axios-ի երկու աղբյուրներ հայտնել են, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի արգելափակումը Թրամփին ստիպել է հետաձգել Չինաստան կատարելիք իր այցը։ Նախագահը հույս ուներ ավարտել Իրանի դեմ իր ռազմական արշավը Չինաստան կատարելուց առաջ։





























