Վաշինգտոնի վարչակազմը հայտարարել է Իրանին փոխանցված Մերձավոր Արևելքի հակամարտության ավարտի 15-կետանոց ծրագրի վերաբերյալ լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվության մասին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն համապատասխան դիրքորոշումը ներկայացրել է մամուլի հերթական ճեպազրույցի ժամանակ։

Հարցին՝ արդյոք ԱՄՆ առաջարկվող ծրագիրը վերաբերում է Իսլամական Հանրապետության հրթիռային և միջուկային ծրագրերին, ինչպես նաև Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը, նա պատասխանել է, որ եթե ԱՄՆ նախագահ [Դոնալդ Թրամփը] դա ասել է, ապա, բնականաբար, դա ճիշտ է։ «Մենք բազմիցս ներկայացրել ենք «Էպիկական ցասում» գործողության նպատակները»,- նշել է Լևիթը, հավելելով, որ Վաշինգտոնը «ցանկանում է հասնել այդ նպատակներին»։

«Սակայն 15-կետանոց ծրագիրը, որը մեջբերում են շատ լրատվամիջոցներ, մեծ քանակությամբ ապատեղեկատվություն է պարունակում։ Ես կոչ կանեի ձեզ չհիմնվել անանուն աղբյուրների վրա, այլ դրանք ուղղակիորեն համեմատել Սպիտակ տան տվյալների հետ»,- ասել է նա։

Ավելի վաղ լիբանանյան  Al Mayadeen հեռուստաալիքը, հղում անելով իրանական աղբյուրին, պնդում էր, որ Իրանը տեղեկացրել է Պակիստանին, որ չի կարող ընդունել ամերիկյան կողմի առաջարկած 15 կետերը հակամարտության լուծման համար։