Եվրոպական միության կարգավորող մարմինները հետաքննություն են սկսել Snapchat-ի նկատմամբ՝ մտահոգություն ունենալով, որ հարթակը բավարար քայլեր չի ձեռնարկում երեխաների պաշտպանության համար և նրանց ենթարկում է այնպիսի ռիսկերի, ինչպիսին է հանցագործների թիրախում հայտնվելու խոցելիությունը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Եվրահանձնաժողովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ-ում գործող «Թվային ծառայությունների մասին օրենքի» համաձայն՝ պաշտոնական հետաքննություն է սկսում Snapchat-ի դեմ։ Այս կանոնակարգը նպատակ ունի ապահովել համացանցից օգտվողների անվտանգությունը։

Եվրահանձնաժողովը նշել է, որ Snapchat-ն օգտատերերից պահանջում է լինել առնվազն 13 տարեկան, սակայն կասկածներ ունի, որ ընկերության տարիքի հավաստիացման համակարգը բավարար չէ նրանց հետ պահելու համար։ Կարգավորող մարմինները հայտարարել են, որ համակարգը նաև պատշաճ կերպով չի ստուգում, թե արդյոք լրացել է օգտատիրոջ 17 տարեկանը, ինչն անհրաժեշտ է նրան «տարիքին համապատասխան» բովանդակություն մատուցելու համար։ Նրանք մտահոգված են նաև, որ տարիքի ստուգման մեխանիզմները չեն խանգարում չափահասներին ներկայանալ որպես անչափահաս։

Եվրահանձնաժողովը կասկածում է, որ Snapchat-ը բավարար քայլեր չի ձեռնարկում, որպեսզի անչափահասներին պաշտպանի այնպիսի «չարամիտ օգտատերերի» հետ շփումից, որոնց նպատակը սեռական շահագործումն է կամ հանցավոր գործունեության մեջ ներգրավումը։

Snapchat-ի համակարգերը բավարար չափով արդյունավետ չեն նաև անչափահաս օգտատերերի կողմից անօրինական կամ արգելված ապրանքների, օրինակ՝ թմրանյութերի, վեյփերի կամ ալկոհոլի մասին տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու հարցում։

Եվրահանձնաժողովի տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկկունենի խոսքով՝ Snapchat-ն, «ըստ ամենայնի, հաշվի չի առել» բոլոր օգտատերերի համար սահմանված անվտանգության բարձր չափանիշները։ Նա նշել է, որ հետաքննության ընթացքում մանրակրկիտ կերպով կուսումնասիրվի Snapchat-ի գործունեության համապատասխանությունը՝ ԵՄ օրենսդրությանը։

Ի պատասխան՝ ընկերությունից հայտարարել են. «Snapchat-ը լիարժեք համագործակցում է Հանձնաժողովի հետ՝ ակտիվ, թափանցիկ և բարեխիղճ կերպով աշխատելով DSA-ի (ԵՄ «Թվային ծառայությունների մասին օրենք» — խմբ.) անվտանգության բարձր չափանիշների պահպանման ուղղությամբ, և մենք կշարունակենք դա անել հետաքննության ողջ ընթացքում»։