Երեւանում մարտի 11-ին «Քեզ հետ, Ճապոնիա»  խորագրով միջոցառում տեղի կունենա` Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի տարելիցի կապակցությամբ:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց «Խիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, միջոցառումը կկազմակերպվի Հայաստանի արտգործնախարարության եւ «Միջազգային մշակությաին բանկի» կողմից: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Առայժմ որոշվում  է միջոցառման անցկացման վայրը` Կամերային երաժշտության տուն կամ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն:

Միջոցառման շրջանակներում կհնչեն այդ օրվան նվիրված  երաժշտական կատարումներ: «Միջոցառումը կեզրափակվի լավատեսությամբ. ճապոնացի հղի կինը կհայտարարի, որ բոլորը ցանականում եւ հավատում են, որ ճապոնացի ժողովրդի պատմության այս էջը հնարավորինս արագ շրջվի»,-ասաց Փիլիպոսյանը:

«Ողբերգությունը շատ բան սովորեցրեց աշխարհին: Միաժամանակ պետք է հիշել, որ նման ողբերգություն ապրած երկիրն օգնում է ուրիշներին` չթմբկահարելով այդ մասին»,-նշեց նա`ավելացնելով, որ Հայաստանը, ինչպես ոչ ոք, շատ լավ հասկանում է  ճապոնացի ժողովրդին: Իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը, իմանալով նման միջոցառման անցկացման մասին, օրհնել է այն:

Ակնկալվում է, որ այդ օրը Երեւանում կլինի ճապոնացի հայտնի ջութակահար Կեն Այսոն, ով նախատեսում է  այցելել Հարավային Կովկասի երկրներ: