Ազգային ժողովն այսօր` փետրվարի 29-ին, քվեարկությամբ մերժեց «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նախաձեռնած օրինագիծը` հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ: NEWS.am-ի թղթակիցը Ազգային ժողովից հայտնում է, որ օրինագծին կողմ է քվեարկել 30 պատգամավոր, որոնց թվում էին «Ժառանգության», ՀՅԴ-ի եւ մի քանի ԲՀԿ-ական պատգամավորներ: Օրինագծին դեմ է քվեարկել 56 պատգամավոր, իսկ ձեռնպահ` չորս:

Մինչ քվեարկությունը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կոչ արեց ՀՀԿ-ական պատգամավորներին կողմ քվեարկել օրինագծին, սակայն նրանք այդպես չվարվեցին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 28-ին Խորհրդարանական ընդդիմության պահանջով, ԱԺ-ն քննարկելու է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ հանրային լայն աջակցություն ստացած առաջարկը: Այդ առաջարկի նախաձեռնողներն են «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն:

Այդ կապակցությամբ, փետրվարի 28-ին, Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների Ազգային Ժողովին հարակից հատվածներում, ժամը 14:00-ից մինչեւ 16:30-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը համատեղ հանրահավաք էին կազմակերպել: