Պաշտոնական այցելությամբ Սինգապուրում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 28-ին ընդունել է Սինգապուրի նախագահ Թոնի Թան Կեն Յամը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում Սինգապուրի ղեկավարը նշել է. «Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ եւ մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվանակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը»:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2009թ. Սինգապուրի ավագ նախարար Լի Կվան Յուի այցելությունը Հայաստան նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում, եւ վստահություն հայտնել, որ նախագահ Թոնի Թան Կեն Յամի հրավերով ՀՀ նախագահի պետական այցելությունը Սինգապուր նոր թափ կհաղորդի երկու երկրների միջեւ փոխգործակցության զարգացմանը:
Նույն օրը տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Սինգապուրի ԱԳ նախարար Կ Շանմուգամի միջեւ բանակցությունները: Նրանք հանգամանալից անդրադարձել են իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանն առնչվող հարցերի, պայմանավորվել առաջիկայում ստորագրման պատրաստել մի շարք փաստաթղթեր:
Սինգապուրի ԱԳ նախարարը եւս մեծապես կարեւորել է սինգապուրահայ համայնքի դերակատարությունը իր երկրի զարգացման գործում: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Սինգապուրում հայկական մշակութային ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքի համար:
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել մի շարք միջազգային կարեւորության խնդիրների՝ ասիական տարածաշրջանի հիմնահարցերի, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Նախարար Նալբանդյանը՝ սինգապուրցի գործընկերոջը ներկայացրել է կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հաստատման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
Քննարկումները շարունակվել են ՀՀ ԱԳ նախարարի պատվին Սինգապուրի արտգործնախարարի կողմից տրված պաշտոնական ընթրիքի ընթացքում:
Սինգապուրում Էդվարդ Նալբանդյանն այցելել է նաեւ 1835թ. հիմնադրված Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ավարտելով այցելություն Սինգապուր՝ Էդվարդ Նալբանդյանը նույն օրը ուղեւորվեց Երեւան:



























