Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր` փետրվարի 29-ին, ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ-պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը ՊՆ համապատասխան անձնակազմի հետ այժմ իրականացնում է Հայաստան–ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման եւ վերանայման գործընթացի իրականացման առաջընթացի գնահատում:
Նախարար Օհանյանը եւ դեսպան Հուսեյն Դիրիոզն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններին, որոնցից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը, փոխգործունակ կարողությունների կատարելագործումը, պաշտպանական պլանավորման եւ բյուջետավորման ոլորտի բարեփոխումները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը:
Կողմերն արձանագրել են պաշտպանական բարեփոխումների եւ ռազմական համագործակցության հիմնական ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության առաջընթացը, նշվել են առաջիկա տարիներին Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության գերակա ուղղությունները: Դեսպան Հ.Դիրիոզը հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` պաշտպանության ոլորտում Հայաստանին տրամադրվող խորհրդատվական եւ փորձագիտական աջակցության հետագա ընդլայնման վերաբերյալ:
Կարծիքներ են փոխանակվել նաեւ Գործընկեր երկրների ղեկավարների մասնակցությամբ առաջիկայում Չիկագո քաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում դրված հիմնական հարցերի վերաբերյալ:
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման եւ վերանայման գործընթացի առաջընթացի գնահատմանն ուղղված աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաեւ վաղը: Քննարկումների ընթացքում կողմերի հիմնական ուշադրությունը սեւեռված է Հայաստանի Հանրապետության պաշտպանական բարեփոխումների եւ միջազգային ռազմական համագործակցության ոլորտում պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի ստանձնած փոխադարձ հանձնառությունների եւ դրանց կյանքի կոչման համար անհրաժեշտ օժանդակության կարիքների վերստուգմանը:




























