Թեեւ Հայաստանում օրենսդրական, այդ թվում սահմանադրական բարեփոփոխումներ են արվել, խորհրդարանական ընտրություններն իրենց նշանակությամբ մնում են երկրորդական` նախագահականի հետ համեմատած:  Այսօր` փետրվարի 29-ին, մամուլի ասուլիսում  նման կարծիք է հայտնել ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը:

Ըստ նրա` երկրում տիրում է ժողովրդավարությանը չհակասող ավտորիտարիզմ, որը գերակշռում է գործադիր իշխանության շրջանում եւ վարչական ռեսուրսներն օգտագործելիս: Հայաստանում իրականությունն այն է, որ հաղթում է ոչ թե նա, ում ընտրազանգվածն ավելի շատ է, այլ նա, ով անսպասելի տեխնոլոգիաներ է կիրառում եւ վարչական ռեսուրսների ներգրավմամբ է զբաղվում:  Քիչ կարեւոր չէ նաեւ ֆինանսական ռեսուրսների օգտագործման փաստը:

«Հայաստանում դեռեւս չեն հասել քաղաքականության եւ բիզնեսի տարանջատմանը», - եզրակացրել է քաղաքագետը: Ըստ նրա` քաղաքական ուժերը գործարար հիմքի կարիք ունեն, իսկ գործարարներն էլ քաղաքական թիկունք են փնտրում: Ըստ փորձագետի` երկրում դեռեւս ակտիվ նախընտրական միջոցառումներ չեն սկսվել, բացառությամբ ՀՀԿ-ի ներկայացուցիչ վարչապետ  Տիգրան Սարգսյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումների:

Դեռեւս գործընթացը գտնվում է գաղտնի քննարկումների փուլում, այդ թվում նաեւ գործադիր իշխանության եւ պաշտոնների բաժանման հարցով: Փորձագետը նաեւ նշել է, որ Հայաստանում խախտվել է ժողովրդավարական երկրներում գործող «խոստում – հաշվետվություն – խոստում» բանաձեւը: «Մեզ մոտ խոստում - խոստում - խոստում, եւ ոչ մի հաշվետվություն չկա», - նշել է նա: