Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն անցած շաբաթավերջին հրապարակել է հանձնաժողովի հանձնակատարների նոր կազմը, որը կհաստատվի Եվրախորհրդարանի կողմից հունվարին եւ կսկսի գործել արդեն փետրվարից: «Իմ նպատակն է ստեղծել թիմ, որը նոր մտածելակերպով, նոր գաղափարներով կարձագանքի Եվրոպայում մեր առջեւ ծառացած մարտահրավերներին», — հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, դատելով այդ կազմից` Բարոզուն որոշել է նախապատվությունը տալ Եվրամիության անդամ երկրներից «խոշորներին». ազդեցիկ գրեթե բոլոր պաշտոնները տրվել են «ծանրքաշային» երկրների ներկայացուցիչներին։
ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատարի թեկնածուն Չեխիայի ներկայացուցիչ Շտեֆան Ֆյուլեն է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ արեւելյան հարեւանների հետ հարաբերությունները գոնե միառժամանակ չեն համարվի առաջնահերթություն։




























