Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 3, 45 միլիոն ԱՄՆ դոլարի առք և վաճառք 385.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385.30 դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, որ ՀՀ ԿԲ-ն հսկայական քանակությամբ դոլար է վաճառում իր պահուստներից, որպեսզի դոլարի փոխարժեքը կայուն պահի: Սա կոչվում է ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, թեեւ երեկ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, թե իրենք լողացող փոխարժեքի քաղաքականություն են վարում: Տնտեսագետները նշում են, որ սա նպատակ ունի աջակցել ներկրող մոնոպոլիստներին, որպեսզի նրանք ամանորյա ապրանքներ ներկրելու համար երկրի ներսում կարողանան ցածր գնով հավաքել բնակչության մոտ առկա դոլարային խնայողությունները: ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսը դեռ 3 շաբաթ առաջ հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը չի ստանա վարկի հաջորդ չափաբաժինը: Տեսնես ԱՄՀ-ն իր խոսքի տերը կլինի՞:
Հիշեցնենք, որ այս տարի ԱՄՀ-ն ԿԲ պահուստների համալրման համար հատկացրել է 320 միլիոն դոլարի վարկ, սակայն դրանից մոտ 220 միլիոնն արդեն ԿԲ-ն վաճառել է փոխարժեքը ֆիքսված պահելու համար:




























