«Աթենքում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում ընթացող գործընթացները հերթական անգամ ապացուցում են, որ Ղարաբաղի խնդրի կարգավորումը շատ ինտենսիվ զարգանում է նորացված Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, եւ թերեւս հիմնական հարցերում կողմերը եկել են ընդհանուր հայտարարի, ինչն էլ հանգեցնում է Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությանն ու գովեստի խոսքերին»: NEWS.am-ի թղթակցի հետո զրույցում նման տեսակետ հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 1-ին Աթենքում համանախագահող երեք երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը:
Հարցին, թե ի՞նչ է շահելու կամ կորցնելու Հայաստանը այդ գործընթացում, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ ինչ որոշումներ էլ կայացվեն, այն սպասելիքները կամ այն տեսլականը, որ ունի հայ ժշողովուրդը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում, մենք չենք հասնելու: Շատ խորը հիաթափություն ենք ապրելու, երբ իսկապես բացահայտվեն թե շրջանակային պայմանագրի, թե մեծ պայմանագրի դրույթները: Դա ակնհայտ երեւում է»: ՀԼԿ նախագահը նաեւ նշեց, թե կարծում է, որ Ղարաբաղի հարցով նման մի հայտարարություն էլ կընդունի ԵԱՀԿ նախարարների կոմիտեն՝ իր բոլոր 56 անդամներով:




























