«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային ծրագիրը կշարունակվի մինչեւ հաջորդ տարվա մայիս ամիս, իսկ դրանից հետո կմեկնարկի արդեն բուն ծրագիրը։ Այս մասին դեկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում տեղեկարեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ ավելացնելով, որ բուն ծրագիրը կտեւի մոտ 6 տարի, որից հետո նախատեսում են, թե Հայաստանի համակարգչայնացումը կկազմի մոտ 30 տոկոս։

«Այժմ Հայաստանում համակարգիչ ունի ընտանիքների 5 տոկոսը, ինչը տարածաշրջանի երկրների համեմատ չափազանց ցածր ցուցանիշ է»,- ասաց Ենգիբարյանը՝ նշելով, որ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 20 տոկոս։ Անդրադառնալով այն հարցին, թե սոցիալական հռչակված այս ծրագրի շրջանակում վաճառվող համակարգիչները շուկայական գներից էականորեն չեն տարբերվում, Բ. Ենգիբարյանը նշեց, որ ծրագիրը սոցիալական ուղղվածություն ունի, բայց այն շահույթ է ապահովում մասնակիցների համար։ «Եթե ծրագիրը սոցիալական ուղղվածություն ունի, չի նշանակում, որ այն պետք է սուբսիդավորվի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ծրագրի շրջանակում պարզապես հնարավորություն կա բանկին համակարգչի գումարը մարել երկու տարվա ընթաքում։

HP համակարգչային ընկերության ԱՊՀ երկրներում վաճառքի գծով տնօրեն Վադիմ Տիխոնիչեւը նշեց, որ պիլոտային ծրագրի մեկնարկից հետո գոհ են վաճառքի ծավալներից, եւ հաջորդ տարվանից նախատեսում են սկսել «Համակարգիչ ուսուցիչների համար» ծրագիրը, որին կարող են մասնակցել ուսուցիչներն ու դասախոսները։