Մի խումբ ճանաչված մտավորականներ նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին:

«Մամուլից տեղեկանալով, որ արցախյան հերոսամարտի անմնացորդ նվիրյալ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում այդ կապակցությամբ»,- նշել են մտավորականները եւ հավելել. «Իմանալով Սասուն Միքայելյանի հերոսական անցյալը, մենք չենք կարող մեր խոսքը չասել ու պահանջ չներկայացնել այսօր իշխանությունն իր ձեռքը վեցրած Սերժ Սարգսյանին: Չի կարելի է քաղաքական հայացքների համար կալանավորել մարդուն ու դրանից հետո էլ շարունակել նրան հալածել արդեն անազատության մեջ: Հերոսի նկատմամբ ցուցաբերվող այդ անմարդկային վերաբերմունքը որեւէ արդարացում չունի: Այս անմարդկային վերաբերմունքով մենք ի՞նչ դաս ենք տալիս մեր ապագա սերունդներին: Ո՞ւմ հայտնի չէ, որ Սասուն Միքայելյանն իր առողջության կեսից ավելին թողել է արցախյան պատերազմի դաշտում եւ այսօր էլ իր մարմնում ունի տասնյակից ավելի բեկորներ: Ինչպե՞ս կարելի է այդ մարդու առողջության նկատմամբ նման անտարբեր վերաբերմունք ցուցաբերել»:

Նամակի տակ ստորագրել են Օհան Դուրյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Արաքս Դավթյանն ու Երվանդ Մանարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ ձերբակալվել է 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո: Նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: