60-ամյա Կիմա Գալստյանը դժվարությամբ է զսպում հույզերը։ Կնոջ մոտ ախտորոշվել է ուռուցքային հիվանդություն և առաջին կարգի հաշմանդամություն, սակայն հուլիսի 1-ից նա այլևս սոցիալական նպաստ չի ստանում։

Մինչև այժմ Կիմա Գալստյանն ամեն ամիս ստանում էր 20 հազար դրամ նպաստ։ 59 հազար դրամ կենսաթոշակի հետ դա նրա եկամտի միակ աղբյուրն էր։ Այժմ նա ստիպված է ապրել միայն կենսաթոշակով։

Նպաստի մերժման պատճառը վարկի առկայությունն է։ Կինը պատմում է, որ բանկից գումար է վերցրել որդու բուժման համար, որը նույնպես տառապում էր քաղցկեղով։ Սակայն նրան փրկել չի հաջողվել։

«Ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ, նախարարությունից ցուցակն այդպես է եկել։ Հետո առցանց հայտին պատասխան եկավ, թե դուք այլևս անապահով ընտանիք չեք համարվում։ Ես պատասխան նամակ եմ ուղարկել, բայց դեռ չեն պատասխանել»,- պատմում է Կիմա Գալստյանը։

Նպաստառուների թիվը կրճատվում է

Հուլիսի 1-ից Հայաստանում ամբողջությամբ ներդրվել է անապահովության գնահատման նոր համակարգը։ 2025 թվականից այն փորձնական ռեժիմով գործում էր Կոտայքի և Սյունիքի մարզերում, ինչից հետո կառավարությունը փորձը հաջողված է համարել և որոշել համակարգը տարածել ողջ հանրապետությունում։

Նոր չափանիշները փոխել են սոցիալական օգնություն ստանալու պայմանները։ Կառավարությունում չեն թաքցնում, որ համակարգի նպատակներից մեկը նպաստառուների թվի կրճատումն է։

Օրինակ՝ Սյունիքի մարզում նոր համակարգի ներդրումից հետո նպաստառուների թիվը 1219-ից կրճատվել է՝ հասնելով 350-ի։ Նմանատիպ փոփոխություններ են սպասվում նաև այլ մարզերում։

Այժմ քաղաքացիները նպաստի համար դիմում են առցանց եղանակով։ Մերժման հիմք կարող են դառնալ տարբեր հանգամանքներ՝ անշարժ գույքի առկայությունից մինչև վարկեր։

«Չգիտեմ՝ ինչն է կարևոր՝ հաց գնե՞լը, թե՞ լույսի փողը վճարելը»

Նպաստից զրկվել է նաև 68-ամյա Ջեմա Սահակյանը։ Միայնակ թոշակառուն այդ գումարն օգտագործում էր հիմնականում կոմունալ վճարումների համար։ Այժմ նրա միակ եկամուտը 47 հազար դրամ կենսաթոշակն է։

Կինն ասում է, որ նախկինում դժվարությամբ էր գումար գտնում նույնիսկ ջեռուցման փայտի համար և հիմա չգիտի, թե ինչպես է տաքացնելու կացարանն այս ձմեռ։

«Այս տարի չեմ կարողանա փայտի պաշար ապահովել։ Մարդկանց գիտեի, որոնք փայտ էին բերում, պայմանավորվում էի ու կամաց-կամաց վճարում։ Մի օր վառում էի, մի քանի օր տաքությունը մնում էր, էլ չէի վառում, ուղղակի տաք էի հագնվում։ Հիմա չգիտեմ՝ ինչպես եմ անելու»,- պատմում է Սահակյանը։

Նմանատիպ իրավիճակում է հայտնվել նաև նրա հարևանուհի Բուրաստանը։ Նա նույնպես միայնակ է ապրում և ստանում է մոտ 60 հազար դրամ թոշակ, որը, ըստ նրա, հազիվ է բավականացնում առօրյա ծախսերին։

«Ձեռքերս դողում են։ Բժիշկը դեղեր է գրել, բայց չեմ կարողանում գնել։ Ինչ վերցնում եմ՝ ձեռքիցս ընկնում ու ջարդվում է»,- ասում է նա։

Կանայք ապրում են հանրակացարանում և չունեն ընտանիքի այլ անդամներ, որոնք կկարողանային հոգալ նրանց կարիքները։ Թե ինչու են նոր համակարգով նրանք հայտնվել ապահովված համարվող քաղաքացիների թվում, իրենց հայտնի չէ։

Կառավարությունը հորդորում է աշխատել

Կառավարության ներկայացրած հիմնավորումներից մեկն այն է, որ սոցիալական օգնությունը պետք է հասցեական լինի և տրվի իսկապես կարիքավորներին, իսկ աշխատունակ մարդիկ պետք է աշխատանք փնտրեն, այլ ոչ թե հույսը դնեն միայն պետական աջակցության վրա։

Նոր համակարգի քննարկման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նպաստառուները պետք է աշխատեն, այլ ոչ թե պետությունից օգնության սպասեն, այդ թվում՝ վարկերը փակելու համար։

Սակայն 60-ն անց կանայք, որոնցից ոմանք առողջական լուրջ խնդիրներ ունեն, չեն հասկանում, թե ինչպես պետք է աշխատանք գտնեն։

Նրանք պնդում են, որ առողջական վիճակը թույլ չի տալիս աշխատել։ Միևնույն ժամանակ, ըստ նրանց, նույնիսկ աշխատունակների համար հեշտ չէ աշխատանք գտնելը։

Կառավարությունը հայտարարում է Հայաստանում աղքատության մակարդակի զգալի անկման մասին և անապահովության գնահատման նոր համակարգը ներկայացնում է որպես բարեփոխում սոցիալական պաշտպանության ոլորտում։

Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, նոր համակարգի ներդրումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և նպաստել աղքատության խորացմանը։

Կենսաթոշակների բարձրացումից հետո՝ նպաստառուների թվի կրճատում

Նոր համակարգը ներդրվեց կենսաթոշակների բարձրացումից հետո։ Կառավարությունը բարձրացրեց թոշակները ընտրություններից առաջ, իսկ արդեն դրանից հետո ներդրվեց սոցիալական աջակցության նոր համակարգը, ինչի հետևանքով քաղաքացիների մի մասը զրկվեց նպաստ ստանալու իրավունքից։

Դեռ այն ժամանակ որոշ մասնագետներ թոշակների բարձրացումն անվանում էին նախընտրական քայլ՝ նշելով, որ դա լրացուցիչ ծախսեր էր ստեղծում պետական բյուջեի համար։

Այժմ, ըստ նրանց գնահատականի, կրճատելով նպաստառուների թիվը՝ կառավարությունը փորձում է նվազեցնել սոցիալական աջակցության ծախսերը, այդ թվում՝ կենսաթոշակների բարձրացման հետ կապված ֆինանսական բեռը։

Թե քանի քաղաքացի է արդեն դիմել նպաստի համար նոր առցանց համակարգով, քանի հայտ է մերժվել և քանիսն է բավարարվել, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանավոր չի հայտնել։

Գերատեսչությունից հայտնել են, որ այդ տվյալները հնարավոր կլինի ստանալ գրավոր հարցման պատասխանով, որը կտրամադրվի առաջիկա օրերին։